«Գործող օրենքի համաձայն որևէ խմբակցություն կամ պատգամավոր իրավունք չուներ անցկացնել խորհրդարանական լսումներ, բայց շատ կարևոր է, որ այս նախաձեռնությունը՝ որպես առաջին հաջողված փորձ, երբ մեր երկրում 50 հազարից ավել ընտրական իրավունք ունեցող քաղաքցիներ նախաձեռնել են օրենսդրական փոփոխությունը, քննարկվերայս դահլիճում»,-«Հայաքվե» նախաձեռնության ներկայացրած օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ ԱԺ լսումների ժամանակ հայտարարեց Հայաստան Խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
«Հենց սկզբից մեր թշնամիները սկսեցին պարբերաբար փորձ անել նսսեմացնելու նախաձեռնությունը: Փորձ արեցին արժեզրկելու մեր այս երկու պետականության համար կարեւորագույն հարցերի նշանակությունը, եւ փորձելով սպառնալիքներ տեղալ: Սրանից օգտվեցին մեր ազգային մտածողությամբ մարդկանց թշնամի համարվող հակառակորդները, որոնք պայմանական են կրում հայկական ազգանուն և սկսեցին իրենք էլ նսեմացման փորձերը»,-ասաց նա:
Այդուհետ Արծվիկ Մինասյանը ընթերցեց խորհրդարանական երեք ուժերի նախընտրական ծրագրերից հատվածներ, որոնք վերաբերում են Արցախի հարցին և Ցեղասպանության ճանաչման խնդրին:
«ԱԺ-ում ներկայացված երեք քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում կարմիր թելով անցնում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը։ Եվ բոլոր քաղաքական ուժերը հայտնել են իրենց պատրաստակամությունը, վճռականությունը՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, անվտանգությունը, եւ որ ամենակարեւորն է՝ բոլոր ջանքերը պետք է գործադրեն՝ դրան հասնելու համար։ Այսօր մենք ունենք մի իրողություն, երբ Արցախը հայաթափված է, ադրբեջանական վանդալիզմն ամեն օր ակնառու երեւում է նաև զավթված տարածքների մշակութային արժեքների, մեր հայրենակիցների գերեզմանների, սրբատեղիների նկատմամբ։ Եվ մենք արձանագրում ենք, որ հանգել ենք այս իրավիճակին, որովհետեւ իշխող քաղաքական ուժը 2021 թվականին իր տված խոստումները ոչ միայն հետեւողական չի կատարել, ձախողել է, այլ արել է ուղիղ հակառակը։ Եվ բնական հարց է առաջանում՝ այս իրավիճակում, եթե իշխող մեծամասնությունը դեմ է արտահայտվելու «Հայաքվեի» նախաձեռնությանը, որն ուղղված է հենց Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանությանը և հավելյալ հնարավորություն է միջազգային հարթակում առաջ տանելու մեր ազգային դատը, ի՞նչ գնահատականի նա պետք է արժանանա նաև մեր ժողովրդի կողմից։ Այն ժողովրդի, որը գործուղել է իրենց խորհրդարան»,- ասաց Մինասյանը։
Ըստ նրա՝ եթե քաղաքացիական նախաձեռնության առաջադրած օրինագծի վերաբերյալ խորհրդարանում ներկայացված ուժերն արտահայտում են բացասական դիրքորոշում, ուրեմն նրանք լեգիտիմ չեն, գործում են հանցագործություն հայ ժողովրդի նկատմամբ։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը