NEWS.am-ը հարցում էր ուղարկել Հայաստանի ԱԳՆ՝ կապված նրա հետ, որ Ադրբեջանի ԱԳՆ Հայաստանից պահանջել է 8 «օկուպացրած» գյուղեր, սակայն Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Արծվաշենի մասին նրանց հայտարարությունում խոսք չկա։
«Արդյոք խաղաղության պայմանագրի շրջանակներում ՀՀ–ին Բաքվի ներկայացրած առաջարկների վերջին տարբերակում անկլավների մասին հիշատակում կա և ինչպե՞ս է ՀՀ ԱԳՆ գնահատում Ադրբեջանի այս հայտարարությունը»,- նշված է NEWS.am-ի հարցման մեջ:
Եվ ահա ԱԳՆ-ն մեկ նախադասություն պարունակող «համապարփակ» պատասխան է տվել. «Հարցի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումն արդեն արտահայտվել է ՀՀ վարչապետի կողմից հոկտեմբերի 10-ին տրված հարցազրույցում»:
Ստորեւ ներկայացնում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի այդ հատվածը, որտեղ մեր նշած հարցերի պատասխանները, ըստ էության, չկան:
«Անկլավների թեմային անդրադառնալն անխուսափելի է պարզ պատճառով, որովհետեւ 29 800 քկմ-ի մեջ մտնում է նաեւ Արծվաշենը:
Հայաստանի ոչ մի իշխանություն իրավունք չունի խաչ քաշել այդ ՀՀ ինքնիշխան տարածքի վրա: Այստեղ է, որ բարձրանում է այդ հարցը: Բայց այստեղ կա մի կարեւոր նրբություն, որ ով էլ խոսի անկլավների մասին, ինքը պետք է սեղանին դնի քարտեզ:
Երբ սեղանին դրվում է քարտեզ, չի կարող քարտեզ գոյություն ունենալ միայն մեկ կետի վրա: Մյուս կողմից սա շատ պարզ հարց չէ: Երբ դրվեց անկլավների հարցը, բազմաթիվ հարցեր են ծագելու: Այս անկլավների սահմանների դելիմիտացիայի հարց կա, այդ անկլավներին հասանելիության հարց կա, սերվիտուտի հարց կա, սահմանների պաշտպանության հարց կա, այդ տարածքներում զինված ուժերի ներկայության եւ չներկայության հարց կա: Անկլավ նշանակում է, որ դու ուրիշի տարածքով պետք է անցնես: Ո՞նց դու պետք է անցնես ուրիշի տարածքով, ի՞նչ իրավական նրբություններ ունի այս հարցը: Այս խնդիրների լուծման մի քանի տարբերակ կա: Մեկն այն է, որ այս բոլոր հարցերը կարգավորում ենք եւ խաղաղության ֆոնին այս հարցը լուծվում է: Երկրորդ տարբերակն այն է, որ մենք տեսնում ենք, որ այնքան բարդ է, որ պյմանավորվածություն է ձեռք բերվում, որ սահմանից այն կողմն գտնվողն անկլավները մնում են այն երկրների տարածքներում, որով նրանք պարփակված են: Բայց սա էլ պետք է լինի պայմանագրի, հետագա վավերացման առարկա:
Մեր խնդիրն է այսօր թույլ չտալ, որ որեւէ հարց դառնա հետագա էսկալացիայի հիմնավորում այն պատճառաբանությամբ, որ Հայաստանի հրաժարվում է քննարկել, խուսափում է քննարկումից ու լուծումներից: Էսկալացիա թույլ չտալու համար մենք չպետք է մտածենք հարցերը հետաձգելու, հարցերը խճողելու, անհասկանալի դարձնելու մասին: Մենք իսկապես պետք է գնանք լուծումների եւ այդ լուծումները պետք է լինեն հիմնավոր ու թափանցիկ՝ դավադրությունների տեսությունները բացառելու համար»,-ընդգծեց Փաշինյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը