23 10 2023

Արցախցի պատգամավորը դիմել է ՀՀ կառավարությանը՝ տուգանքները ներելու խնդրանքով

Արցախցի պատգամավորը դիմել է ՀՀ կառավարությանը՝ տուգանքները ներելու խնդրանքով

Արցախի ԱԺ պատգամավոր Սեյրան Հայրապետյանի գրառումը.

«Դիմում եմ ՀՀ կառավարությանը` Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված մեր քաղաքացիների կողմից, ս.թ. սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 31-ը ընկած ժամանակաընթացքում, տրանսպորտային միջոցների վարման ժամանակ արձանագրված խախտումների համար նախատեսված տուգանքները ներել։ Գիտակցելով, որ օրենքի առջև բոլորն էլ հավասար են, խնդրանքիս պատճառն այն է, որ նշված կատեգորիայի վարորդները Արցախում երթևեկել են առանց արագաչափերի հսկողության։ Մգեցված ապակիների, ապահովագրության, տեխնիկական զննման և մի քանի այլ հարցերի նկատմամբ օբյեկտիվ պատճառներով հնարավոր չէր ավելի լուրջ վերահսկողություն (շուրջ 10 ամիս վառելիքի սղության պատճառով մեքենաները համարյա չեն շահագործվել և այլն)։ Հակառակորդի շարունակական ռազմական ագրեսիա, շրջափակում, բենզինի պահեստի չարաբաստիկ ողբերգություն, որից հետո բռնի տեղահանում` վարորդները հայտնվելով ՀՀ-ում՝ վարել են մեքենաները ճանապարհներին քիչ ծանոթ լինելով և ծանր հոգեբանական վիճակում։

Եթե գրառումս համապատասխան գերատեսչության պատասխանատուներին չհասնի, այն կներկայացնեմ գրավոր։

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին էլ խնդրանքս այն է, որ հնարավորինս շուտ ադապտացվենք մեզ համար նոր պահանջներին, ճանապարհային երթևեկության կանոնները և անվտանգությունը պահելով՝ զերծ մնանք պատահարներից և տուգանքներից»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ