Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջոշուա Հաքին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Ադրբեջանի ԱԳՆ-ին։
«Իր զրուցակցին մանրամասն տեղեկացնելով տարածաշրջանում տիրող իրավիճակին՝ Բայրամովն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող հակաահաբեկչական միջոցառումների արդյունքում դադարեցվել է Հայաստանի զինված ուժերի և անջատողական ռեժիմի ներկայությունը երկրում՝ դրանով իսկ հաջողվել է վերացնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ամենամեծ խոչընդոտներից մեկը։ Նախարարն ասել է, որ Ադրբեջանը, ինչպես միշտ, հաստատակամ է խաղաղության օրակարգը առաջ տանելու հարցում և նշել է այս համատեքստում միջազգային հանրության կառուցողական դիրքորոշման կարևորությունը»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-20-ը տեղի ունեցած ագրեսիայի և էթնիկ զտումների արդյունքում, որն Ադրբեջանում անվանում են «հակաահաբեկչական միջոցառում», տարածաշրջանի ողջ բնիկ հայ բնակչությունը լքել է Լեռնային Ղարաբաղը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը