Վրաստանի նախկին նախագահ, ուկրաինացի և վրացի քաղաքական գործիչ Միխայիլ Սաակաշվիլին բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին․
«Առաջին անգամ եմ դիմում Ձեզ և դիմում եմ հրապարակայնորեն, քանի որ շատ մտահոգված եմ մեր տարածաշրջանի և Հայաստանի ճակատագրով։ Ելնելով Ռուսաստանի և Պուտինի հետ շփվելու իմ փորձից, ով վերջերս ԱՊՀ գագաթնաժողովում գործնականում ինձ մեղադրեց այս կազմակերպության փլուզման մեջ, թույլ կտամ ինձ` Ձեզ մի քանի խորհուրդ տալ։ Դուք իշխանության եք եկել ժողովրդական ընդվզումների արդյունքում, այսինքն՝ Պուտինի տերմինաբանությամբ՝ գունավոր հեղափոխությամբ, և հավատացեք, ինչպես էլ նրան հաճոյանաք, հավատարմության երդում տաք, նա Ձեզ երբեք չէր ների և չի ների։ Ավելին՝ Ձեր վերջին հայտարարություններից, քաղաքական քայլերից և հատկապես Հռոմի ստատուտի վավերացումից հետո նա Ձեր ոխերիմ թշնամին է և Ձեզ տապալելու է իր ձեռքի տակ եղած բոլոր հնարավորություններով՝ ներքին անկարգություններ, ռազմական գործողությունների խրախուսում։ Դա Ձեզ տնտեսապես կխեղդի և կօգտագործի հիբրիդային պատերազմի ողջ զինանոցը:
Պետք է հիշել, որ շատ քիչ ժամանակ ունեք։ Իշխանության գալուց հետո դուք չկարողացաք կամ չիրականացրիք հիմնարար բարեփոխումներ, ուստի ձեր ներկայիս պետական ապարատն իսկապես Կրեմլի հինգերորդ շարասյունն է։ Դուք ուշացել եք եվրոպական ինտեգրացիայից:
Որքան էլ Ձեզ համար դժվար լինի, Հայաստանի շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձությունները նոր հնարավորություն են տալիս մեր տարածաշրջանին։ Որոշ ժամանակ անց մենք կարող ենք ապրել Բալթյան երեք երկրների պես՝ բաց սահմաններով, ստեղծել լոգիստիկ, ֆինանսական, էներգետիկ հանգույցների մի ամբողջ համակարգ՝ օգտագործելով մեր երեքից յուրաքանչյուրի առավելությունները։ Բայց դրա համար Դուք պետք է շտապեք և մի կողմ նետեք ցանկացած երկմտանք, գնաք վա–բանկ: Պահանջեք անհապաղ դուրս բերել ռուսական ռազմաբազան, դուրս եկեք ԱՊՀ-ից, ՀԱՊԿ-ից, մաքսային միությունից և հայտ ներկայացրեք Եվրոմիությանն ու ՆԱՏՕ-ին։
2013-ին մենք թռանք Երևան՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Բառոզուի հետ՝ ապարդյուն փորձելով համոզել ձեր նախորդին` չմիանալ Մոսկվայի հովանու ներքո գտնվող այս կազմակերպություններից մի քանիսին։
Եվ վերջապես, Դուք պետք է բացահայտորեն հայտարարեք և անհապաղ խաղաղության պայմանագիր կնքեք Ադրբեջանի հետ և դրանով ճանապարհ բացեք Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության մեջ հիմնարար փոփոխությունների համար։
Անձնական խիզախության և քաղաքական խիզախության պակաս չունեք, և հուսով եմ, որ թույլ չեք տա Պուտինին ոչնչացնել Ձեզ և միևնույն ժամանակ կործանել Ձեր երկիրը և ամբողջությամբ խարխլել մեր տարածաշրջանը։
Բոլորիս առջև ծառացած վտանգը շատ իրական է և պահանջում է անհապաղ գործողություն: Հուսով եմ` այս անգամ չեք վարանի»:
Հիշեցնենք, որ 2009 թվականին՝ մարտի 1-ից հետո, փախուստի մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանը բաց նամակ էր գրել Սահակաշվիլիին՝ կոչ անելով Ռուսաստանի հետ պատերազմից հետո արժանապատվություն ունենալ և հրաժարական տալ։
Նիկոլ Փաշինյանի նամակը ներկայացնում ենք ստորև․
«ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ․
Մարտ 26, 2009
Վրաստանը նախորդ տարվա ամռանը ահավոր, ուղղակի ահավոր հարված ստացավ, եւ սա այն դեպքն է, երբ իշխանությունը պետք է ունենա բավարար պետականասիրություն` իր վրա վերցնելու հարվածը, պարտության պատասխանատվությունը, սա այն դեպքն է, երբ իշխանությունը իրեն պետք է պարտված ճանաչի` հայրենիքը պարտվածի պիտակից փրկելու համար, մանավանդ որ` հենց Վրաստանի գործող իշխանությունն է այդ պարտության թիվ մեկ պատասխանատուն։ Եթե Սահակաշվիլին մնա իշխանության ղեկին, նախորդ տարվա պատերազմի պարտությունը ու դրա բարոյահոգեբանական հետեւանքները ծանրանալու են Վրաստանի վրա, իսկ եթե Սահակաշվիլին հեռանա, այդ պարտությունը կծանրանա նրա անձի, նրա թիմի վրա, բայց երկիրը կազատվի այդ մղձավանջային զգացողություններից. Համենայնդեպս, նոր կյանք սկսելու, նոր եռանդ ձեւավորելու հնարավորություն կստանա։ Ինչ խոսք, Վրաստանը անվերադարձ է կորցրել Աբխազիան եւ Հարավային Օսիան, բայց եւ չի երաշխավորված ավելին կորցնելու վտանգից։ Եթե անգամ Սահակաշվիլին կարողանա նման երաշխիքներ ստեղծել, վրացիներն, ամեն անգամ նրա դեմքը տեսնելիս, հիշելու են 2008-ի մղձավանջը, ազգային ստորացումը, որը վերաբերում է ինչպես պետությանն` ընդհանուր առմամբ, այնպես էլ երկրի ամեն քաղաքացու։ Եւ այս մղձավանջի ամենօրյա հուշը, զգացողությունը մարդկանց զրկելու է առաջ նայելու հնարավորությունից։ Հիմա Վրաստանի իշխանությունները իրենց գործողություններով, ձերբակալություններով իբր ուզում են ցույց տալ, որ կանխում են Ռուսաստանի կողմից «պատվիրված» իշխանափոխությունը։ Չխորանալով մանրամասների մեջ` ընդգծեմ միայն, որ տվյալ իրավիճակում Ռուսաստանի հետ հանդուրժողական հարաբերությունների հաստատումը բխում է հենց Վրաստանի շահերից, իսկ որ Սահակաշվիլին չի կարող նման հարաբերություններ հաստատել` ակնհայտ է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը