03 10 2023

Ֆրանսիան շատ զգոն կլինի Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքների նկատմամբ. Կոլոննա

Ֆրանսիան շատ զգոն կլինի Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքների նկատմամբ. Կոլոննա

Ֆրանսիան համաձայն է Հայաստանին ռազմատեխնիկա տրամադրելու պայմանագիր կնքել։ Այս մասին այսօր հոկտեմբերի 3-ին Երեւանում կայացած ՀՀ և Ֆրանսիայի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսին հայտարարեց Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան:

«Ուզում եմ հստակ ասել, որ Ֆրանսիան իր համաձայնությունն է տվել ՀՀ հետ ապագա պայմանագրի կնքմանը, որը հնարավորություն կտա ռազմական տեխնիկա տրամադրել ՀՀ-ին, որպեսզի Հայաստանը կարողանա պաշտպանել իրեն: Առայժմ չեմ կարող այլ մանրամասներ հայտնել»,- ասաց նախարարը:

Կատրին Կոլոննան հայտնեց, որ իր այս այցը Հայաստան հերթական մի ձև է` ցույց տալու` Ֆրանսիան զգոն է լինելու ցանկացած սպառնալիքի, ցանկացած մտքի դեմ, որը նկրտում է ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ:

«Ֆրանսիան շատ զգոն կլինի բարեկամ երկրի` Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքների նկատմամբ: Մենք խոսել ենք ՀՀ վարչապետի հետ. ուղիղ մեկ տարի առաջ Ֆրանսիայի նախագահը Պրահայում հանդիպում ունեցավ վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հետ, դրա արդյունքը կարելի է ասել հիմքն է, որ ծառայեց մեր հետագա ջանքերին, արդյունքներից մեկը փոխադարձ տարածքային ամբողջականության ընդունումն էր Ալմաթիի հռչակագրի հիման վրա: Կարծում եմ` սա կարևոր առաջընթաց է, որը պետք է պահպանել և առաջ գնալ»,- ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ