ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին Երևանից հնչող հայտարարություններն ինքնիշխան ընտրություն են, սակայն Մոսկվան հույս ունի, որ «ոչ մի ժամանակավոր վարչակազմ» չի փչացնի կապերը Ռուսաստանի և Հայաստանի միջև, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է РИА Новости-ն։
«Իսկ եթե, ինչպես հայտարարել են Հայաստանի որոշ ղեկավարներ, հիմա, հիասթափվելով Ռուսաստանից և ՀԱՊԿ-ից, նրանք կնայեն իրենց գործընկերներին՝ ամրապնդելու սեփական անվտանգությունը, դա նրա ինքնիշխան ընտրությունն է, Հայաստանի ղեկավարության ընտրությունը։ Բայց ես ամեն դեպքում հույս ունեմ, որ դարեր շարունակ ռուս ժողովրդի… և հայ ժողովրդի միջև գոյություն ունեցող կապերը չեն կարող ոչնչացվել որևէ ժամանակավոր վարչակազմի կողմից», - ասել է նա լրագրողներին՝ Валдай միջազգային քննարկման ակումբի հանդիպումից հետո:
ՌԴ ԱԳ նախարարը նաև խոսել է Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելուց՝ նշելով, որ որոշումը, որ Ղարաբաղը պետք է դառնա Ադրբեջանի մաս, ընդունվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական մասնակցությամբ:
«Կեղծ են Երևանից հնչող հայտարարությունները, թե նոյեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Ղարաբաղը տալ Ադրբեջանին»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
«Համաձայնագրում ասվում է, որ Ղարաբաղը խաղաղապահ առաքելության պատասխանատվության ոլորտն է, և ընդհանուր ըմբռնում կար, որ Ղարաբաղի վերջնական կարգավիճակի շուրջ երկխոսությունը շարունակվելու է»,- հավելել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը