Մոսկվան չի ողջունում Հռոմի ստատուտին միանալու Երևանի մտադրությունը: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Հայաստանը լավ գիտի, որ մենք [Հռոմի ստատուտին] կողմ չենք, և Հայաստանը քաջատեղյակ է ուղեղում դժվար տեղավորվող որոշման մասին, որը կայացվել է այս կանոնադրության հիման վրա։ Մենք գիտենք, որ Երևանում սա շատ լավ հայտնի է։ Սա մի բան չէ, որը մենք ողջունում ենք»,- ասել է Կրեմլի խոսնակը:
Պեսկովը Հռոմի ստատուտը վավերացնելու Հայաստանի որոշումը անվանել է «ծայրահեղ թշնամական» Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։
Նա նաև հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի պատրաստվում այցելել Հայաստան:
Պեսկովն ասել է նաև, որ Ռուսաստանը, Լեռնային Ղարաբաղից հայերի զանգվածային արտագաղթի իրավիճակում, ամենաշատը մտահոգված է հումանիտար ասպեկտով. կարևոր է, որ մարդկանց ապահովվեն նորմալ պայմաններ։
«Հավանաբար, դժվար թե հնարավոր լինի խոսել այն մասին, թե ով է մեղավոր, քանի որ նման գործողությունների անմիջական պատճառ չկա, բայց, այնուամենայնիվ, մարդիկ ցանկություն են հայտնում լքել Ղարաբաղի տարածքը։ Նրանցից ոմանք կարող են ցանկություն հայտնել դա անել ընդմիշտ, ոմանք՝ ժամանակավորապես՝ տրանսֆորմացիայի ժամանակաշրջանում»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցերին, թե ով է մեղավոր, և որն է, իր կարծիքով, Ղարաբաղի հայերի արտագաղթի հիմնական պատճառը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը