27 09 2023

Պետք է յուրաքանչյուր տեղահանվածի հարցաքննել՝ կիրառված բռնությունների առնչությամբ․ Գևորգ Դանիելյան

Պետք է յուրաքանչյուր տեղահանվածի հարցաքննել՝ կիրառված բռնությունների առնչությամբ․ Գևորգ Դանիելյան

Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Արցախից հարկադիր տեղահանվածների մասով զուտ իրավական ասպեկտներով խիստ անհրաժեշտ աշխատանք կա անելու, հետո ոչ միայն ուշ կլինի, այլև անհնար: Մեկ քրեական գործի վարույթի շրջանակերում հնարավորինս սեղմ ժամկետում հարկ է յուրաքանչյուր բռնի տեղահանվածի հանգամանորեն հարցաքննել՝ կիրառված բռնությունների, թողնված կամ ոչնչացված անշարժ ու շարժական գույքի, դրանց առկայությունը հավաստող ապացույցների և նմանաբնույթ այլ հարցերի առնչությամբ: Քրեական գործին հարկ կլինի կցել  ցուցմունքների հավաստիությունը հիմավորող փաստաթղթեր և այլ ապացույցներ, ընդհուպ՝ հեռախոսներով և այլ սարքավորումներով կատարված նկարահանումները: Օրինակ՝ հարկ կլինի բուժհաստատություններից առգրավել բոլորի հիվանդության պատմությունները. հուսանք, որ բռնության ենթարկվածները ենթարկվում են բուժզզննության՝ հետագայում պատշաճ փորձաքննություն իրականացնելու համար:  

 Ինչ խոսք, սա ահռելի ծանր ու աշխատատար գործընթաց է, սակայն հաշվի առնելով իբր միլիարդների հասնող պատճառված վնասի դիմաց Հայաստանի տարածքներից, մասնավորապես Սյունիքն ամբողջությամբ հանձնելու թուրքիայի հոխորտանքները, ինչպես նաև այդ մարդկանց կարգավիճակը հստակեցնելու հրատապ հարցադրումները և այլն, վստահ եմ, որ կգտնվեն կամավորներ: Ինքս պատրաստ եմ անհատույց իրականացնել այդպիսի աշխատանք: Մասնագիտական աջակցության համար նպատակահարմար է դիմել նաև միջազգային կառույցներին, ինչը նաև խնդիրը հանրայնացնելու լավագույն միջոցներից է ....»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ