20 09 2023

Եթե որևէ մեկը չի ուզում գալ հրապարակ, ստիպված է լինելու գնալ խրամատ․ Անդրանիկ Թևանյան



 

«Ես ձեզանից մեկն եմ, որ ուզում եմ Նիկոլ Փաշինյանին վռնդել իշխանական համակարգից. Բոլորս մտել ենք «հիմա»-ի տրամաբանությամբ, բայց մեզ հետաքրքրում է արդյունքը»,- Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։

«Պետք է ոչ թե հախուռն ջոկատներով, այլ կազմակերպված բանակով հաղթենք թշնամուն»,- նշեց նա։

«Ես պատրաստ եմ ինձ դնել պայքարի զոհասեղանին. ես ձեզանից խնդրում եմ մաքսիմալ կազմակերպվածություն ու Նիկոլ Փաշինյանին մենք վռնդելու ենք։ Մենք պետք է մեր պայքարը կանոնավոր բանակ դարձնենք, որպեսզի դրանով հաղթենք թշնամուն»,- ասաց նա՝ հվելելով․ «Եթե որևէ մեկը չի ուզում գալ հրապարակ, ստիպված է լինելու գնալ խրամատ»։

Նա կոչ ուղղեց դասադուլի ելած ուսանողությանը՝ դասախոսներին ևս համոզել գործադուլի ելնել։

Անդրանիկ Թեւանյանը վստահեցրեց, որ պատասխանատու է շարժման ոչ միայն ընթացքի, այլև արդյունքի համար։

«Ես երդվել չեմ սիրում, ես խոսքի արժեքը շատ լավ գիտեմ, ինձ համար խոսքը, որ Աստծուց է գալիս, արդեն երդում է. Ես գիտեմ, որ հավատում եք ինձ»,- ասաց նա։ Նա վստահեցրեց, որ պատրաստ է հայտնվել պայքարի զոհասեղանին և ապահովել արդյունք։

Առաջիկա քայլերի մասին խոսելով՝ Անդրանիկ Թեւանյանը նշեց կոմիտեի ձևավորումը, որում հանրության բոլոր շերտերը պետք է մասնակից լինեն որոշումների կայացմանը։ «Մեր գործողությունները պետք է հանգեցնեն անցնցում իշխանափոխեւթյան։ Մենք չենք ուզում, որ արյուն թափվի, ուզում ենք միասնական լինել և հասնել անցնցում իշխանափոխության»,- ասաց նա՝ հավելելով, որ սա ոչ թե աթոռակռիվ է, այլ գոյության պայքար, ինչպիսին կար Սարդարապատում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ