13 09 2023

Լաչինի միջանցքը պետք է բաց լինի առևտրային, մարդասիրական և մասնավոր երթևեկության համար․ հայտարարություն

Լաչինի միջանցքը պետք է բաց լինի առևտրային, մարդասիրական և մասնավոր երթևեկության համար․ հայտարարություն

ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Մայքլ Քարփենթերը հանդես է եկել Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ:

«Միացյալ Նահանգների անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԵԱՀԿ նախագահությանը՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ Հատուկ մշտական խորհրդի նիստ հրավիրելու համար... Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում արագորեն վատթարացող մարդասիրական իրավիճակից», - ասել է պաշտոնյան՝ հիշեցնելով պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հեռախոսազրույցները Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։

Իր ելույթում նա հիշեցրել է, որ մարդասիրական բեռները գտնվում են ինչպես Լաչինի, այնպես էլ Աղդամի (Ակնա) երթուղիների մոտ: Քարփենթերը կրկնել է երկու միջանցքներն անհապաղ և միաժամանակ բացելու, ինչպես նաև գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնելու կոչերը:

«Մենք նաև կոչ ենք անում առաջնորդներին չգնալ որևէ գործողության, որ բարձրացնում է լարվածությունը կամ շեղում այս նպատակից: Վեճերը լուծելու համար ուժի կիրառումն անընդունելի է. Կրկնեմ, որ վեճերը լուծելու համար ուժի կիրառումը բացարձակապես անընդունելի է։

Մենք հետևողականորեն ասել ենք, որ Լաչինի միջանցքը պետք է բաց լինի առևտրային, մարդասիրական և մասնավոր երթևեկության համար՝ համաձայն ՄՔԴ-ի փետրվարի 22-ի վճռի, և ընդգծում ենք Լեռնային Ղարաբաղի բնակիչների առջև ծառացած իրավիճակի ծանրությունն ու հրատապությունը։ Մենք կրկին կոչ ենք անում Ադրբեջանին ձեռնարկել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքով երկու ուղղությամբ մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար։ Մենք բազմաթիվ առիթներով այս ուղերձը փոխանցել ենք ինչպես հրապարակայնորեն, այնպես էլ մասնավոր կերպով Ադրբեջանի կառավարության բոլոր մակարդակներին, իսկ  Լեռնային Ղարաբաղի բնակիչներին կոչ ենք անում ընդունել մատակարարումը», - ասել է Քարփենթերը:

«Հարավային Կովկասում վերջին շրջանում լարվածության աճի ֆոնին Միացյալ Նահանգները կշարունակի խստորեն աջակցել Հայաստանի և Ադրբեջանի՝ կարևոր խնդիրներն ուղիղ երկխոսության միջոցով լուծելու ջանքերին՝ նպատակ ունենալով հասնել արժանապատիվ և հարատև խաղաղության։ Կայուն խաղաղության բանակցությունները պետք է հիմնված լինեն տեղում երկխոսության, միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի հիման վրա հարաբերությունների կարգավորման և Լեռնային Ղարաբաղում բնակվող էթնիկ հայերի իրավունքների և անվտանգության պաշտպանության վրա։ Սա է հակամարտությունը լուծելու միակ ճանապարհը։ Միացյալ Նահանգները կոչ է անում զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է խաթարել վստահությունը, վտանգել երկխոսությունը կամ էլ ավելի հետաձգել միջանցքի բացումը։

Մենք խրախուսում ենք ուղիղ բանակցությունները բոլոր մակարդակներում, այդ թվում՝ Բաքվի պաշտոնյաների և Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների միջև։ Մենք կրկնում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած խաղաղության համաձայնագիր պետք է պաշտպանի Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը։ Միացյալ Նահանգները շարունակում է պատրաստակամորեն ներգրավվել բոլոր գործընկերների հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերում՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին հասնելու խաղաղ կարգավորման», - եզրափակել է ԱՄՆ դեսպանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ