Լեռնային Ղարաբաղում իրավիճակն արագորեն վաթարանում է։ Այս մասին ահազանգել է ԵԽ նախագահ Շարլ Միշելի խոսնակը տարածած հաղորդագրության մեջ՝ ընդգծելով, որ պետք է Լեռնային Ղարաբաղում ապրող հայերին ապահովել առաջին անհրաժեշտության ապրանքներով։
«Սեպտեմբերի 12-ին Աղդամ-Ասկերան երթուղու բացումը կարևոր քայլ է, որը պետք է նպաստի Լաչինի միջանցքի բացմանը։ Մենք բոլոր շահագրգիռ կողմերին կոչ ենք անում ցուցաբերել պատասխանատվություն ու ճկունություն՝ ապահովելու ինչպես Լաչինի, այնպես էլ Աղդամ-Ասկերան երթուղու օգտագործումը»,-ասված է հայտարարության մեջ։
ԵԽ նախագահի խոսնակն ընդգծում է, որ ԼՂ-ում այս բարդ իրավիճակը երկար է տևում, հիմա պետք է գտնել կայուն և փոխադարձ ընդունելի լուծումներ՝ ապահովելու մարդասիրական հասանելիություն ձմռանն ընդառաջ:
«Մենք վերահաստատում ենք մեր հաստատակամությունը, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի ձեռք բերված պայմանավորվածությունների և Արդարադատության միջազգային դատարանի վճռի համաձայն, և ընդգծում ենք մեր համոզմունքը մատակարարման այլ ուղիների օգտակարության վերաբերյալ՝ ի շահ տեղի բնակչության»,-նշել է նա։
Խոսնակնավելացրել է՝ ԵԽ-ն ակնկալում է, որ սեպտեմբերի 12-ի իրադարձություններին առաջիկա օրերին կհետևեն ավելի հստակ քայլեր, այդ թվում «Բաքվի ու Ղարաբաղի հայերի միջև երկխոսության ուղղությամբ, որոնք վերաբերում են նրանց անվտանգությանն ու իրավունքներին, հայ-ադրբեջանական ընդհանուր հիմնախնդրի հաշտեցման և լուծման ուղղությամբ ջանքերին»։
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Շարլ Միշելը ներգրավված է մնում գործընթացում, մասնավորապես վերջին օրերի ընթացքում ակտիվ շփումների մեջ է եղել Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի առաջնորդների հետ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը