02 09 2023

Բոլորդ մեկ հարցի պատասխան եք ակնկալում, խոսում եմ բաց ու անկեղծ․ Իշխան Սաղաթելյան



«Այսօր՝ Արցախի Հանրապետության հռչակման օրը, աշխարհի շուրջ երկու տասնյակ երկրներում, 30 քաղաքներում տեղի են ունենում հանրահավաքներ, բողոքի ակցիաներ՝ ի պաշտպանություն արցախի։ Այսօր Արցախի մեր հերոսական ժողովուրդը աննախադեպ դիմադրություն է ցույց տալիս։ Հայ մայրը՝ իր սոված երեխան գրկին, մերժում է թշնամու առաջարկած սնունդը ու հայտարարում, որ այս պայքարը ինքնության պայքար է, արժանապատվության պայքար է, հայրենի հողում ապրելու և ինքնորոշման պայքար է։ Կեցցե արցախահայությունը և կեցցե Արցախը»,- Ազատության հրապարակում ի աջակցություն Արցախի հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Հանրահավաքի մասնակիցներին դիմելով՝ ասաց․ «Դուք այսօր ձեր ներկայությամբ ապացուցեցիք, որ կանգնած եք Արցախի կողքին, տեր եք մեր հայրենիքին, տեր եք Արցախին և պայքարը շարունակվում է։ Այս հանրահավաքը սովորական ու հերթականը չէ, սա ունի առաքելություն։ Այսօր հայ ժողովրդի համազգային ձայնը՝ Հայաստանում, աշխարհի տարբեր կողմերում, շատ կարևոր է մեր հետագա քայլերի ու գործողությունների համար։ Հայ ժողովուրդը հստակ ասում է, որ Հայաստանի իշխանություների մեջտեղ բերած հանձնվելու օրակարգը հայ ժողովրդի օրակարգը չէ, հայ ժղովուրդը մերժում է այդ օրակարգը և պատրաստ է շարունկակել պայքարը իր հայրենիքի համար»։

Անդրադառնալով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը, թե՝ «Եկել է խիզախ փոխզիջումների ժամանակը», Իշխան Սաղաթելյանն ասաց․ «Պարոն Միշել, մենք այլևս զիջելու տեղ չունենք, մենք ստանալու բան ունենք։ Թշնամին գտնվում է  Հայաստանի ինքնիշխան տարածքում, մեր հայրենիքը օկուպացված է Ադրբեջանի կողմից և գտնվում է  շրջափակման մեջ, հետևաբար՝ հայ ժողովուրդը այլևս զիջելու տեղ չունի, դու և քո խամաճիկ Նիկոլը չեք կարող Ադրբեջանի ուժի սպառնալիքի տակ հայ ժողովրդին նոր զիջումներ պարտադրեք։ Բոլոր միջնորդ երկրները, միջազգային կազմակերպությունները պետք է հստակ իմանան՝ այն անձը, ում հետ այսօր բանակցում են, ով խոսում է  Հայաստանի անունից, նա հայ ժողովրդին չի ներկայացնում, նրա հետ ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն առ ոչինչ է։

Նիկոլ Փաշինյանը որևէ լեգիտիմ իրավունք չունի Հայաստանի ներպետական օրենսդրությամբ, սահմանադրությամբ, անկախության հռչակագրով, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու։ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լիենլու։

Այսօր Լաչինի ճանապարհը փակողներից մեկը հենց Նիկոլ Փաշինյանն է՝ Պրահայի և Բրյուսելի հայտարարություններով։ Պահանջը՝ հրաժարվել այդ պայմանավորվածություններից, հայ ժողովրդի իրավունքն է, բայց դավաճաններից ունենալ ակնկալիք, անհույս է։ Հետևաբար, Հայաստանի օրվա իշխանությանը պետք է ուղարկել գրողի ծոցը՝ իրենց բոլոր պայամանվորվածություններով հանդերձ»։

Իշխան Սաղաթելյանը նաև ասաց․ «Հայ ժողովուրդը գտնվում է իր պատմության ամենավճռորոշ փուլերից մեկում։ Այս ամենը կանխատեսել ենք, երեք-չորս տարի միասին պայքարել ենք, որ այս օրվան չհասնենք։ Ցավոք՝ մեր քաղաքացիներից շատերը չհավատացին, որոշները չվստահեցին, որոշները չհասկացան աղետի մասշտաբները, չհակացան, չգիտակցեցին, որ կարող է աղետը մտնել ցանկացած հայի օջախ։

Մենք էլ ունենք մեր սխալները և բացթողումները։ Այսօր ընդամենը մեկ բան կարող եմ ասել՝ մենք մեր նպատակի մեջ եղել ենք ազնիվ, պայքարել ենք հայրենիքի համար։ Մենք պայքրել են ոչ թե մեզանից մեկը իշխանություն դառնա, այլ պայքարել ենք, որ Հայաստանն առհասարակ իշխանություն ունենա։ Հետևաբար, մենք ազնիվ և արդար ենք մեր պայքարի մեջ։ Եթե չի ստացվել մի բան մինչև հիմա, դա կարողության հարց է եղել։ Այո, Հայաստանում պետք է ձևավորվի Հայաստանի ազգային իշխանություն, և այդ իշխանությունը ձևավորելու ուժի աղբյուրը դուք եք, հայ ժողովուրդը։ Մեզ անհրաժեշտ է մեր ժողովրդի անվերապահ աջակցությունը։

Հայաստանում ազգային իշխանություն ձևավորելու համար պետք է Երևանի փողոցներում ու հրապարակնելում ժողովրդի անհաղթահարելի ուժը։ Հետևաբար, մեր բոլոր քայլերուն ու գործողությունները ուղղված են լինելու դրան։

Սիրելի հայրենակիցներ, բոլորդ մեկ հարցի պատասխան եք ակնկալում, խոսում եմ բաց ու անկեղծ։ Բոլորիդ մտքում մեկ բան է՝ ե՞րբ ենք սրանց հեռացնելու, ի՞նչ ճանապարհով։ Ես ընդամենը մեկ բան կարող եմ ասել, հարթակից հնչեցին բազմաթիվ առաջարկություններ, բոլորիդ համար գաղտնիք չէ, որ ընդդիմադիր դաշտում տեղի են ունենում ակտիվ քննարկումներ․ սա մեկ հոգու, մեկ անձի որոշելիք չէ, սա արժանապատվության, մինչև վերջ գնալու պայքար է։ Ասել եմ ու նորից կրկնելու եմ՝ մեր հաջորդ հանդիպումը շատ չի ուշանա, Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու։ Հետևաբար, ամենակարևորը՝ չհիասթափվել, չհուսահատվել, չլռել և գնալ մինչև վերջ։ Մեր պայքարը հասնելու է այդ հաղթանակին»։

Իշխան Սաղաթելյանի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ