ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն անդրադարձել է Փաշինյանի՝ այսօրվա Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 33-ամյակի շնորհավորանքին․
«Երկիրը կործանման եզրին հասցրած, անկախությունից վերջին փշրանքներ թողած Փաշինյանն այսօր «շնորհավորել է» Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 33-ամյակը․․․ Նույնիսկ այդ «շնորհավորանքից» ատելություն ու թույն է թափում մեր անկախ պետականության, 3-րդ հանրապետութնան հիմք հանդիսացող արժեքների ու սկզբունքների նկատմամբ։ Փաշինյանը հայտարարում է․ «Անկախության հռչակագրով որդեգրեցինք մի բանաձեւ, որը 20-րդ դարասկզբին մեզ արդեն իսկ բերել էր անկախության կորստի»: Պարտության, կորուստների ու նվաստացման ճարտարապետն ուրանում է, որ Անկախության հռչակագրով առաջնորդվող պետությունը կերտել էր հաղթանակներ, ընդլայնել էր կենսական տարածքները, ստեղծել էր մարտունակ բանակ, որն ապահովում էր Հայաստանի արևելյան սահմանների ու Արցախի Հանրապետության անկախությունը։ Արդյոք մենք ունեի՞նք մեր իդեալների պետությունը։ Իհարկե՝ ոչ։ Իսկ հիմա՞։ Հիմա մեր պետության գոյությունն է վտանգված: Ազերի ասկյարը Հայաստանի տարածքում է, Հայաստանն աշխարհից պաշտպանություն, իսկ Ադրբեջանից խաղաղություն է մուրում։
Փաշինյանը հայտարարում է, որ Անկախության հռչակագրի հիմքում դրված է մեզ Խորհրդային Միության մաս դարձրած բանաձևը. խոսքը տարածաշրջանային միջավայրի հետ կոնֆրոնտացիոն խոսույթի մասին է, որ մեզ անընդհատ կոնֆլիկտների մեջ էր պահելու մեր հարևանների հետ։ Իսկ ի՞նչն է ըստ Փաշինյանի, մեզ «կոնֆլիկտների մեջ պահում մեր հարևանների հետ»։ Արցախի հետ միացումն ու Ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը։ Փաշինյանը կոչ է անում հրաժարվել Արցախից, էժանագին շանտաժի է դիմում, թե այլապես էլի կդառնանք Սովետի մաս (ի նկատի ունի ՌԴ-Բելառուս-Հայաստան ֆանտոմային միությունը, որը գոյություն չունի, որի ուրվականը նա ստեղծել է, որ մարդկանց սասրսափեցնի, կառավարի ու դրդի հրաժարվել Արցախից)։ Փաշինյանը կոչ է անում ուրանալ Ցեղասպանությունը, իրար է հակադրում Արարատն ու Արագածը․․․
Սա է Փաշինյանի քաղաքականությունը, սա է նրա գաղափարախոսությունը։ Այս գաղափարախոսության տարածման համար անհրաժեշտ է պարտված, հուսալքված, պայքարի կամք և իդեալներ չունեցող հասարակութուն։ Այսօր մեր հասարակությունը մեծամասամբ այդպիսին է։ Միգուցե հենց այստեղ պետք է փնտրենք Արցախյան երկրորդ պատերազմում մեր պարտության պատճառները․․․»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը