ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Արցախի աշխարհազորի հրամանատարը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադառնալով Արցախում ստեղծված ծանր իրավիճակին, այդ թվում` պատերազմի հետևանքներին, նշում, որ դրանում գործող նախագահ Արայիկ Հարությունյանին պետք չէ մեղադրել:
Անդրադառնալով մեղավորների խնդրին, թեման հրում «նախկինների» դաշտ ու ոչինչ չի ասում ՀՀ այն իշխանության մասին, ով հայտարարել է, որ պատրաստ է ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում, իսկ իրենց ու անձամբ Կարդեն Մաթևոսյանին` Ադրբեջանի քաղաքացի:
Ավելին, աշխարհազորի հրամանատարը սպառնում է` Արայիկ Հարությունյանի շուրջ համախմբում տեղի չունենալու դեպքում, ինքն ու դաշտային հրամանատարները ցրելու են կառավարությունն ու խորհրդարանը և նոր ճգնաժամային մարմին ձևավորելու, որտեղ որոշումներն իրենք կընդունեն:
Ի դեպ, Արցախի խորհրդարանի ու կառավարության լուծարումն Ադրբեջանի պաշտոնական պահանջներից է, որն անձամբ Ալիևն է հնչեցրել:
Նաև ուզում եմ հստակ արձանագրել, որ Արցախում այսպիսի ծայրահեղ իրավիճակի հրահրումն Ադրբեջանի համար «հակաահաբեկչական գործողություն» իրականացնելու հիմք է ձևավորելու, որովհետև սրա մասին ևս Ալիևը մի քանի անգամ ասել է և հարմար առիթ է փնտրում, որպեսզի Արցախում իր համար բարենպաստ դաշտի ձևավորման դեպքում, ներքին զորքերի անվան տակ առաջ տա իր հատուկ նշանակության ստորաբաժանումները:
Դեռ չեմ խոսում այն մասին, որ հնչեցված հայտարարությունը սահմանադրական կարգի տապալման մասին է, ինչը ենթադրում է համապատասխան մեխանիզմների գործարկում:
Նախընտրելի տարբերակներից է` Մաթևոսյանի հետ նստել խոսել, բացատրել իր հայտարարությունների և քայլերի ծանր քաղաքական հետևանքները, հակառակ դեպքում իրադարձություններն Արցախի համար կայծակնային դաժան հետևանքներ կունենան»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը