17 08 2023

Լաչինի միջանցքի շուրջ վեճը պետք է լուծել երկխոսության եւ խորհրդակցությունների հիման վրա․ ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցիչ

Լաչինի միջանցքի շուրջ վեճը պետք է լուծել երկխոսության եւ խորհրդակցությունների հիման վրա․ ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցիչ

Մենք մտահոգված ենք իրավիճակով եւ կարծում ենք, որ Լաչինի միջանցքի շուրջ վեճը պետք է լուծել երկխոսության եւ խորհրդակցությունների հիման վրա։ Այս մասին օգոստոսի 16-ին Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման թեմայով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցիչ Գեն Շուանը։

Նա համոզմունք է հայտնել, որ համապատասխան կողմերը կարող են պատշաճ կերպով լուծել բոլոր հարցերը, ներառյալ հումանիտար իրավիճակը՝ գործադրելով դիվանագիտական ջանքեր:

«Հայաստանն ու Ադրբեջանը հարեւաններ են, ուստի երկու երկրների շահերից է բխում համագործակցության հաշվին ապահովել ընդհանուր զարգացում եւ անվտանգություն։

Վերջին տարիներին Հայաստանն ու Ադրբեջանը, Ռուսաստանը հաջողությամբ հանդես են եկել չորս համատեղ հայտարարությամբ, պայմանավորվել են թշնամական գործողությունների դադարեցման, տնտեսական եւ տրանսպորտային համագործակցության, սահմանային հարցերի լուծման մասին:

Վերջերս Հայաստանն ու Ադրբեջանը մի շարք նախաձեռնություններ են իրականացրել, դրսեւորել քաղաքական կամք, կոնկրետ գործողություններ՝ վեճերը խաղաղ դիվանագիտական միջոցներով լուծելու համար:

Մենք կոչ ենք անում Հայաստանին եւ Ադրբեջանին ընդառաջ գնալ նախորդ ժամանակաշրջանների այս չորս համատեղ հայտարարությունների հիման վրա՝ կողմերի, այդ թվում՝ Ռուսաստանի միջնորդությամբ, եւ պատշաճ կերպով կարգավորել միմյանց հետ վեճերը՝ միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում ունեցող նորմերի եւ օրենքների հիման վրա։

Մենք աջակցում ենք ամեն ինչ դիվանագիտական ջանքերի իրականացման համար այդ նպատակներին։ Իր կողմից Չինաստանը կառուցողական դեր կխաղա դրանում»,-նշել է դիվանագետը։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ