09 08 2023

ՔՊ-ն կունենա հանձնաժողովի 315 նախագահ, «Հայաստան» դաշինքը՝ 129, «Պատիվ ունեմ»-ը՝ 31

ՔՊ-ն կունենա հանձնաժողովի 315 նախագահ, «Հայաստան» դաշինքը՝ 129, «Պատիվ ունեմ»-ը՝ 31

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օգոստոսի 9-ի հերթական նիստում ընդունել է «Երևանի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 17-ի հերթական ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումն ԱԺ-ում խմբակցություն ունեցող կուսակցության, կուսակցությունների դաշինքների միջև սահմանելու մասին» որոշումը։

Երևանի ավագանու ընտրությունների համար ձևավորվել է 475 տեղամաս, հետևաբար այդ 475 տեղամասերում ԿԸՀ-ն պետք է հանձնաժողովների նախագահների և քարտուղարների բաշխում իրականացնի։ Բաշխումն իրականացվում է խորհրդարանում ներկայացված խմբակցությունների միջև՝ ըստ իրենց ունեցած մանդատների համամասնության։

Այսպիսով, տեղամասային ընտրական հանձնաժողովներում նախագահների և քարտուղարների պաշտոններն Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցության, կուսակցությունների դաշինքների միջև «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով բաշխվել են հետևյալ համամասնությամբ`

  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն` 315 նախագահ, 315 քարտուղար
  • «Հայաստան» կուսակցությունների դաշինք` 129 նախագահ, 129 քարտուղար
  • «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինք` 31 նախագահ, 31 քարտուղար

Որոշման հաստատված հավելվածով սահմանված տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող են ներկայացվել 2023 թվականի օգոստոսի 18-ից մինչև օգոստոսի 23-ը` մինչև ժամը 18.00-ն: Ընդգծենք, որ ՏԸՀ անդամ նշանակելու իրավասություն ունեն միայն խորհրդարանում ներկայացված խմբակցությունները և ԸԸՀ-ները, հետևաբար ՏԸՀ անդամ նշանակվելու ցանկություն ունեցող անձինք կարող են դիմել վերոնշյալ սուբյեկտներին և ոչ թե ԿԸՀ-ին։

Մեկ այլ որոշմամբ ԿԸՀ-ն թիվ 2 ԸԸՀ-ի անդամի թափուր պաշտոնը նախապատվության քվեակարգով համալրել է։ Ըստ Արմեն Սմբատյանի, հանձնաժողովը սահմանված ժամկետում 5 դիմում է ստացել։ Բոլոր հինգ թեկնածուներն էլ բավարարել են Ընտրական օրենսգրքով սահմանված ԸԸՀ անդամ նշանակվելու չափանիշներին։ Հանձնաժողովը թիվ 2 ԸԸՀ-ի անդամի թափուր պաշտոնում ընտրել է Նելլի Շառոյանին։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ