Որքան էլ բարդ լինի` Արցախում պետք է ճգնաժամային կառավարում իրականացնել` դրանից բխող քայլերի հաջորդականության սահմանմամբ, այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Ըստ նրա` բացի ամենօրյա ռեժիմով առաջ եկող խնդիրներին լուծումներ փնտրելուց, ինչքան էլ ծանր լինի, պետք է կարճաժամկետ և միջնաժամկետ կտրվածքով խնդիրներն ըստ առաջնահերթությունների սահմանել ու տեսակավորել:
«Ես չեմ ուզում ասել, որ սա հեշտ լուծվող կամ պլանավորվող գործողությունների և միջոցառումների ցանկ է ենթադրում, բայց եթե իշխանություն ես ստանձնել, ապա պարտավոր ես այն իրացնել` լինի խաղաղ, թե պատերազմական իրավիճակ:
Եթե Արցախում իշխանությունը լուծում չի տեսնում կամ իր ներսում արդեն հանձնվել է, ապա չի նշանակում, որ գործընթացները պետք է իներցիոն հուն մղի:
Կրկնում եմ` որքան էլ դաժան լինի իրականությունը, մեկ է` պետության առաջին խնդիրն է իրավիճակը դարձնել հնարավորինս կառավարելի»,- Facebook-ում գրել է Աբրահամյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը