02 08 2023

Ես պահանջում եմ Կարմիր խաչից ապահովել տեսազանգ հորս հետ. Վագիֆ Խաչատրյանի դուստր



Մինչ այսօր հորս հետ ոչ մի կապ չենք հաստատել, միայն հուլիսի 29-ի երեկոյան մեզ հայտնել են, որ այցելել են հորս Բաքվի հիվանդանոցներից մեկում: Այս մասին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց հուլիսի 29-ին Հակարի կամրջի վրա ադրբեջանական անցակետից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը:

«Տեսակցել են, հայրս գտնվում էր լավ վիճակում, սակայն ես չեմ կարող հավատալ ոչ մեկի խոսքին: Ես այսօր պահանջում եմ Կարմիր խաչի միջազգային կոմիտեից ապահովել տեսազանգ հորս հետ, որպեսզի իմանամ, թե հայրս ֆիզիկապես ինչ վիճակում է, հոգեպես ինձ արդեն հայտնի է: Ասում են՝ կարող եք բանավոր խոսք փոխանցել, բայց թե ես, թե հայրս, թե ընտանիքիս մյուս անդամները բանավոր փոխանցելու ոչինչ չունենք, քանզի մենք գիտենք՝ ինչ ենք զգում միմյանց նկատմամբ, ինչ կարող ենք փոխանցել միմյանց: Դրա համար ինձ այժմ միայն պետք է տեսնել հորս, թե ինչպիսի ֆիզիկական վիճակում է գտնվում:Միգուցե կոմայի մեջ է, դրա համար տեսազանգ չեն ապահովում, կամ միգուցե այլեւս ֆիզիկապես մեզ հետ չէ: Դա ամենաանտանելի ցավն է, որ կարող է դուստրը բարձրաձայնել  իր հոր մասին, բայց այսօր ես եմ հայտնվել այդ վիճակում: Յուրաքանչյուրը կարող էր լինել իմ տեղը»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ