21 07 2023

Նիկոլի դեմ պայքարը ոչ թե իշխանության համար է, այլ հենց Ալիևի դեմ կռիվ. Արմեն Աշոտյանի հոդվածը

Նիկոլի դեմ պայքարը ոչ թե իշխանության համար է, այլ հենց Ալիևի դեմ կռիվ. Արմեն Աշոտյանի հոդվածը

Լաչինի միջանցքի փակումը և Արցախում ծավալվող հումանիտար աղետը, անշուշտ, առաջնային պլան են մղում 120 000 մեր հայրենակիցների ճակատագրի հետ կապված անհանգստությունները, և, առիթից օգտվելով, իմ լիակատար համերաշխությունն ու սատարումն եմ հայտնում նրանց շարունակվող պայքարին:

Միաժամանակ կարիք եմ տեսնում ևս մեկ անգամ բարձրաձայնել և ապացուցել, որ թեպետ այդ հումանիտար ճգնաժամի հիմնական ճարտարապետը, իհարկե, Ալիևն է, սակայն Արցախը ծնկի բերելու ջանքերը կյանքի են կոչվում Նիկոլ Փաշինյանի անմիջական «պրոռաբությամբ»:

Շուշիի մերձակայքում կեղծ բնապահպանների սադրանքով մեկնարկած այս օպերացիան իրականացվել է Ալիև-Նիկոլ համատեղ գործողություններով, որոնք հետապնդում էին երկու հիմնական նպատակ. 

  1. Կտրել Արցախը Հայաստանից՝ այն Ադրբեջանին բռնակցելու հեռանկարով: Սա որպես համատեղ ծրագրի իրագործում՝ ապացուցվում է այն անհերքելի փաստով, որ «Էկոլոգիական» ակցիային ամիսներ անց հաջորդեց Փաշինյանի հայտարարությունը, որ «Արցախը Ադրբեջան է, և վերջ»: 
  1. Արժեզրկել ՌԴ Խաղաղապահ առաքելության գոյությունը Արցախում՝ նրա աշխատանքի ակնհայտ խնդիրներն օգտագործելով Ռուսաստանին կոնֆլիկտի գոտուց դուրս մղելու համար: Ի թիվս այլ բազմաթիվ ապացույցների՝ հիշեցնեմ ընդամենը Էրդողանի հայտարարությունը 2025թ.-ին ռուսական զորքերը Լեռնային Ղարաբաղից հանելու անհրաժեշտության մասին:

Ճգնաժամի առաջին իսկ օրերից Նիկոլը քարոզչության հիմնական հարվածն ուղղեց ոչ այնքան Շուշիի մոտ Լաչինի միջանցքը փակած Ադրբեջանի, որքան Ռուսաստանի ուղղությամբ: Ստեղծված իրավիճակում, երբ Ադրբեջանը չի ցանկանում, որ այդ միջանցքը գոյություն ունենա, երբ Ռուսաստանը չի ցանկանում դիմել ավելի կտրուկ գործողությունների, իսկ Հայաստանը չի ցանկանում խառնվել, Արցախի 120 000 բնակիչ առերեսվեց ֆիզիկական գոյության մարտահրավերի հետ:

Փաշինյանն այս գործարքում սեփական հանցակցությունը քողարկելու համար դիմեց Հաագայի միջազգային դատարան՝ հայ հասարակությանը «տեսեք, ինչ կարողանում՝ անում եմ» ծխածածկույթով պատելու համար: Սակայն այս արհեստական ալիբին նույնքան փնթի է, որքան Նիկոլին վերաբերող ամեն ինչը:

Այո՛, կա միջանցքը բացելու՝ դատարանի որոշում, որը ոչ մի կերպ գործնականորեն չի օգտագործվում Հայաստանի իշխանությունների կողմից: «Գործնականորեն» բառը հատուկ եմ օգտագործում, որովհետև հանրային խոսքում այդ որոշման վրա ձևական հղումները չեն ուղեկցվում այն իրական քայլերով, որոնք գոյություն ունեն հայկական կողմի զինանոցում:

Թվարկեմ դրանցից մի քանիսը: 

  1. Ոչ մի մասնակցություն բանակցություններին՝ անկախ դրանց անցկացման վայրից, մինչև Լաչինի միջանցքի բացումը: 
  1. Երկկողմ հարաբերություններում ԱՄՆ, Ֆրանսիայի, ԵՄ-ի հետ (ՌԴ-ն չեմ նշում, քանզի խնդրի հետ այն շաղկապված է ոչ այնքան միջազգային դատարանի որոշմամբ, որքան Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ) հարցի դիտարկում՝ որպես հետագա գործընթացների նախապայման: 
  1. Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի դատարանի որոշման չկատարումը տանել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ համապատասխան բանաձևով: 
  1. Միջազգային դերակատարների մոտ Ալիևի նկատմամբ համապատասխան սանկցիաների կիրառման հարցի բարձրաձայնում՝ որպես հայկական կողմի լեգիտիմ և արդարացի ակնկալիք: 
  1. Ի վերջո, հումանիտար ինտերվենցիայի անհրաժեշտության բարձրաձայնում:

Ինչո՞ւ Նիկոլը չի դիմում այս և այլ հնարավոր  քայլերի: Պատասխանը շատ պարզ է, որովհետև ինքն Արցախի մեկուսացման և մարդասիրական աղետի փայատեր է, մինորիտար, բայց ակցիոներ:

Այսպիսով, քանդվում է Սերժ Սարգսյանի թողած բանակցային ժառանգության ևս մեկ հայանպաստ էլեմենտ՝ ցամաքային սահման Արցախի և Հայաստանի միջև և Լաչինի միջանցքի անխափան և երաշխավորված գործունեություն:

Այս ֆոնի վրա Աղդամով դեպի Ստեփանակերտ ճանապարհը գործարկելու ադրբեջանական թակարդը, որը սատարում է ստանում Արևմուտքի կողմից, զայրացնում է իր լկտիությամբ: Դա նույնն է, որ սրտի արյան մատակարարումը ապահովելու համար խցանված սրտանոթը բացելու փոխարեն՝ բժիշկն առաջարկի միզապարկի զարկերակը:

Այս անբարոյական շահագրգռվածությունը թաքցնելու համար վերջերս նա դիմել էր մի շարք նոր, նույնքան էժանագին և փնթի քայլերի: Օրինակ՝ Բրյուսել կատարած վերջին այցի ընթացքում ցուցադրաբար, հենց արարողակարգային մասում Միշելին փոխանցելով Արայիկ Հարությունյանի նամակը՝ «Տեսե՛ք, տեսե՛ք, Արցախից նամակը փոխանցեցի» ռաբիս շոուն բեմադրելով: Նույն քայլերից է նաև կառավարության վերջին նիստին տրված հանձնարարականը՝ միջազգային հանրությանն իրազեկել Արցախում տիրող իրավիճակի մասին: Պատկերացնում եք, չէ՞, մարդկանց ապուշի տեղ դնելու նրա հանդգնությունը՝ Արցախի բլոկադայի 8-րդ (!) ամսում նոր-նոր նման հանձնարական տալու սեփական քարոզչամեքենային, որի հիմնական գործառույթը մշտապես եղել է և մնում է քաղաքական մրցակիցներին վարկաբեկելը, «Նիկոլ և կոմպանիա» ոհմակի էժան PR-ը և այլն:

Չեմ զարմանա, ի դեպ, եթե որոշ ժամանակ անց նիկոլական հակահիգիենիկ քարոզիչները սկսեն շրջանառել «Լաչինի միջանցքը տվեցինք, որ Մեղրիի միջանցք չտանք» լկտի սուտը: Ընդամենը հիշեցնեմ, որ Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ կա ընդամենը մեկ միջանցք՝ Լաչինը, մնացածն ընդամենը հնարավոր կոմունիկացիաներ պետք է դիտարկվեն: Այսինքն՝ Ալիևին հաջողվում է Նիկոլի օգնությամբ եղած բանը՝ Լաչինի միջանցքը, փոխանակել չեղած բանի՝ «Մեղրիի միջանցքի» հետ: Նման նողկալի քարոզչության առաջին քարն արդեն դրվել էր ամիսներ առաջ Էդմոն Մարուքյանի շուրթերով, ով հայտարարեց, որ Բերձորը, Սուսը և Աղավնոն տվել են, որ Սյունիքով միջանցք չտան:

Ուստի միայն Լաչինի միջանցքի շուրջ ծավալված իրադարձությունները բավարար կլինեին պնդելու, որ Նիկոլի դեմ պայքարը ոչ թե իշխանության համար է, այլ հենց Ալիևի դեմ կռիվ:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

21.07.2023

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ