Մենք ծայրահեղ մտահոգություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման հաճախակի դարձած դեպքերի և Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման կապակցությամբ։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ըստ առկա տեղեկությունների՝ տարածաշրջանում հումանիտար իրավիճակը գնալով վատթարանում է, ցավով պետք է արձանագրել, որ մատակարարումների դադարեցման պատճառով Ղարաբաղի բնակչությունը կարող է մնալ առանց սննդի, առաջին անհրաժեշտության ապրանքների և դեղամիջոցների»,- ասել է Զախարովան։
Նա ընդգծել է, որ դա հակասում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններին, այդ թվում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին։
«Մենք կոչ ենք անում Բաքվին և Երևանին բոլոր հարցերը լուծել բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով։ Կոչ ենք անում ադրբեջանական կողմին ապաշրջափակել Լաչինի միջանցքը, ապահովել քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը քաղաքացիական նպատակներով»,- հավելել է նա։
Անդրադառնալով ռուս խաղաղապահների գործողություններին՝ նա նշել է. «Նրանք ելնելու են տեղում իրավիճակի զարգացումից, համահունչ են լինելու երեք կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը