Ի՞նչ է սպասելիք ունի արցախյան կողմը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակից․ Ստեփանակերտ-Երևան հեռուստակամուրջ-ասուլիսի ժամանակ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն ասաց, որ նմանատիպ նամակներ ուղարկվում են ոչ միայն ՌԴ նախագահին, այլև՝ տարբեր միջազգային կազմակերպությունների ղեկավարներին, քաղաքական գործիչներին․
«Այո, դիմել ենք ՌԴ նախագահին։ Մենք ակնկալում ենք, որ ռուսական խաղաղապահները նոյեմբերի 9-ի հայտարարության պարտավորությունների շրջանակներում կգործադրեն բոլոր ջանքերը, որպեսզի այդ արգելափակումը վերացվի։ Իրավիճակը բարդանում է, ռուս խաղաղապահները, գտնվելով այնտեղ, պետք է իրենց իրավասության շրջանակներում գործադրեն բոլոր քայլերը։ Եթե գործադրեին, այս արգելափակումը չէինք ունենա»։
Պուտինին ուղղված նամակից հետո, ինչպես Սերգեյ Ղազարյանն ասաց, Արցախում սպասում են փոփոխության։ Թե ինչու չեն գործադրում բոլոր քայլերը, Սերգեյ Ղազարյանն այսպես մեկնաբանեց․ «Տարբեր պատճառներ են բերում, բայց մի բան հաստատ գիտենք՝ ադրբեջանական կողմի սադրանքների կարևոր նպատակներից մեկը ռուս խաղաղապահ առաքելության հեղինակազրկումն է։ Միևնույն ժամանակ՝ պետք է իրատես լինենք, այս պահին այլ խաղաղապահ առաքելություն ունենալու հեռանկարն այդքան էլ մեծ չէ։ Բացի այդ, այդքան արագ չի կարող լինել այդ գործընթացը, հատկապես որ տեսնում ենք, թե ինչ ճգնաժամ կա միջազգային հարաբերություններում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը