30 06 2023

Փաշինյանն իրականացնում է այն քաղաքականությունը, ինչի համար բերվել է. Արմեն Բադալյան. alphanews.am



alphanews.am-ը գրում է.

«Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի համար զարմանալի չէ, որ Հայաստանի վարչապետը Արցախում Ադրբեջանի վերջին սադրանքից ժամեր անց, մուսուլմանական տոնի առթիվ շնորհավորում է Թուրքիայի նախագահին:

«Իշխող քաղաքական թիմը՝ վարչապետի գլխավորությամբ, երեք խնդիր ունի՝ Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, Հայաստանում թուլացնել ռուսական ազդեցությունը, ինչը նշանակում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում, եւ բացել Զանգեզուրի միջանցքը: Թուրքիայի նախագահին մուսուլմանական տոնի առիթով շնորհավորելն ամբողջությամբ տեղավորվում է այն քաղաքականության մեջ, որն իրականացնում է այս իշխանությունը: Այստեղ զարմանալի ու տարակուսելի բան չկա, Փաշինյանի համար բացարձակ նշանակություն չունի, որ գիշերը 4 հոգի զոհվել էր եւ ինքը շնորհավորեց Էրդողանին Կուրբան Բայրամի առիթով: Չմոռանանք նաեւ, որ 44-օրյա պատերազմում մենք 5000 զոհ ունեցանք, բայց իշխող ուժը մեծ ցանկությամբ գնում է դեպի այն կետերի իրականացում, որը որդեգրել է»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց Արմեն Բադալյանը:

 Հիշեցնենք՝ հունիսի 28-ի գիշերը ադրբեջանական զինուժը հրետանային միջոցներից կրակել է Մարտունու եւ Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետեւանքով հայկական կողմը 4 զոհ ունի: Ադրբեջանական այդ ագրեսիայից հետո Հայաստանի վարչապետը հեռախոսազրույց էր ունեցել Թուրքիայի նախագահի հետ եւ շնորհավորել Կուրբան Բայրամի առիթով:

Քաղտեխնոլոգը ընդգծեց, որ շուրջ 7 ամիս է՝ Արցախը շրջափակված է, 120 000 հայ պոտենցիալ զոհ է, բայց դա չի խանգարում հայկական կողմին բանակցություններ վարել Վաշինգտոնում, չնայած, որ Արցախի խորհրդարանը պահնաջել էր դադարեցնել բանակցությունները:

«Բնականաբար, այդ բանակցությունները չէին դադարեցվելու, Հայաստանի ղեկավարը զանգելու էր Թուրքիայի ղեկավարին եւ, բնականաբար, եթե հանդիպման ինչ-որ առիթ լիներ, անպայման կհանդիպեր՝ անկախ նրանից, Ադրբեջանը էլի՞ մարդկանց կսպանի, թե՞ չի սպանի, կվերացնի՞ շրջափակումը, թե՞ չի վերացնի: Կհանդիպի, որպեսզի իրականացնի այն քաղաքականությունը, ինչի համար ինքը բերվել է իշխանության»,- նշեց Բադալյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ