28 06 2023

Սոցցանցերում սկսել են շրջանառվել կեղծ տեղեկություններ․ Արցախի տեղեկատվական շտաբ

Սոցցանցերում սկսել են շրջանառվել կեղծ տեղեկություններ․ Արցախի տեղեկատվական շտաբ

Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Նախազգուշացում,

Ինչպես արդեն հայտնվել է, հունիսի 28-ին, խախտելով հրադադարը, Ադրբեջանի զինված ուժերը դիմել են հերթական սադրիչ ու ագրեսիվ գործողությանը, որի հետևանքով մահացու վիրավորում են ստացել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի 4 զինծառայողներ:

Այդ դեպքի կապակցությամբ սոցցանցերում սկսել են շրջանառվել կեղծ տեղեկություններ՝ խախտելով ս.թ. մայիսի 26-ին ԱՀ Նախագահի ստորագրած ռազմական դրության պայմաններում կիրառվող լրացուցիչ սահմանափակումների մասին հրամանագրի դրույթները:

Այդ դրույթների համաձայն, մասնավորապես, արգելվում են տեղեկատվության որևէ միջոցով Արցախի Հանրապետության պաշտպանունակության, անվտանգության վերաբերյալ տեղեկություններ փնտրելը, ստանալը և տարածելը, այդ թվում՝ դրանց դեմ ուղղված քարոզչությունը:

Արցախի Հանրապետության իրավասու մարմինները ձեռնարկելու են անհրաժեշտ միջոցներ հրամանագրի դրույթները խախտողներին  պատասխանատվության ենթարկելու և նման խախտումները կանխելու ուղղությամբ: Ուստի, պահանջում ենք  այսօր տեղի ունեցած ադրբեջանական հարձակման հետևանքների վերաբերյալ կեղծ տեղեկություններ (այդ թվում՝ վիրավորների ու լրացուցիչ զոհերի առկայության մասին) և ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակած անձանցից ու լրատվամիջոցներից հեռացնել իրենց գրառումները և կատարել հերքող հրապարակումներ, այլապես կիրառվող պատասխանատվության միջոցները կարող են ավելի խիստ լինել:

Արցախի Տեղեկատվական շտաբ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ