23 06 2023

Արցախի ԱԺ նախագահը ողջունել է ԵԽԽՎ-ի ընդունած «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը

Արցախի ԱԺ նախագահը ողջունել է ԵԽԽՎ-ի ընդունած «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը

Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ողջունել է ԵԽԽՎ-ի ընդունած «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը:

«Ողջունելի է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդունած բանաձևը, որով կոչ է արվում Ադրբեջանին ապաշրջափակել միջանցքը, անհապաղ կատարել ՄԻԵԴ-ի և ՄԱԿ-ի բարձրագույն դատական ատյանի՝ Արդարադատության Հաագայի միջազգային դատարանի որոշումները, վերականգնել էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ, ապահովել տրանսպորտի և մարդկանց երթևեկությունը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղությամբ»,-  ասված է Արցախի ԱԺ նախագահի խոսքում:  

Արթուր Թովմասյանը կարևոր է համարում այն հանգամանքը, որ Ադրբեջանին հասցեական կոչ է արվում հրաժարվել հայության դեմ կիրառվող թշնամական և սպառնալից հռետորաբանությունից, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության հարցերը լուծել Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության, ինչպես նաև միջազգային չեզոք ներգրավման ապահովման միջոցով:

«Խաղաղությանն ուղղված ցանկացած մեխանիզմի կիրառում ընդունելի է մեր կողմից, ողջունելի են միջազգային դիտորդական, փաստահավաք առաքելությունները, որոնք լույս կսփռեն առկա իրավիճակի վրա ու կզսպեն Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը»,- ասել է նա:   

ԱԺ նախագահը կարևոր է համարել նաև Վեհաժողովի այն շեշտադրումը, որ ներկա իրավիճակը կայուն չէ և կարող է հանգեցնել հայ բնակչության կողմից իր բնօրրանը լքելուն:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ