20 06 2023

Եվս մեկ անգամ բացեց «ստի տոպրակը»՝ կեղծելով և ստելով Արցախի և պատերազմի ողջ պատմությունը․ իրավապաշտպան

Եվս մեկ անգամ բացեց «ստի տոպրակը»՝ կեղծելով և ստելով Արցախի և պատերազմի ողջ պատմությունը․ իրավապաշտպան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․

«Սուտը ծնվել է մարդկության ի հայտ գալու հետ միաժամանակ։ Այնուհետև, կախված քաղաքակրթական զարգացման, ազգային փիլիսոփայական ավանդույթներից, որոշ ժողովուրդների մեջ ստելը համարվել է վատ սովորություն և այդ հասարակություններում ստախոսները արհամարհված են եղել և են։ Եվ բացառվում է, որ նման հասարակություն ունեցող պետության մեջ իշխանության գա ՄԵԾ ստախոսն ու կեղծարարը։ Իհարկե, քաղաքական-պետական գործիչներն ամեն ինչ չէ, որ հայտնում են հասարակությանը։ Այլ երկրների հետ հարաբերությունների ժամանակ նրանք, բնականաբար, լրիվ անկեծ չեն, ներքին քաղաքականության մեջ նրանք երբեմն լռում են, բայց ստել սեփական ժողովրդին՝ երբեք։ Նման նախադեպի պարագայում այդ գործիչը չի ներվի և բառի բուն իմաստով կհայտնվի «Անարգանքի սյանը»։

Ցավոք, Հայաստանում, նման ավանդույթներ չեն ստեղծվել։ Մեր հայրենակիցներից շատերը վստահաբար կասեն, թե ստելն ինչ վատ բան է, բայց նրանք ոչ միայն հաճախակի ստում են, այլև հանդուրժում վերին իշխանության ամենօրյա ստերը։ Պատահակա՞ն են արդյոք մեր «ավանդական» երդումներն ու հայհոյանքները․ «Հորս արև, մորս արև, հորս գերեզման․ մորս գերեզման, ստի մերը ․․․ և այլն»։ Ամեն դեպքում, շատ քչերը նման երդում-հայհոյանքներից հետո կշարունակեն պնդել իրենց ստերը։

Բայց, Հայաստանում կա մի արարած, որը ստերով և կեղծիքներով դարձավ քաղաքական գործիչ և 2018թ․ զավթեց իշխանությունը՝ շարունակելով իշխել անվերջանալի ստեր և կեղծիքներ տարածելով։ Ստերով մոլորեցնելով սեփական ժողովրդին՝ այդ արարածը դավաճանաբար հրահրեց պատերազմ՝ զոհելով հազարավոր կյանքեր, հանձնելով հայրենիքը։ Այդ արարածը չունի ոչ մի սրբություն և պատրաստ է երդվել բոլոր սրբություններով, հայհոյանքի տակ մտնել և շարունակել ստելով իր ազգակործան գործունեությունը։

Այսօր այդ արարածը հրապարակային ևս մեկ անգամ բացեց «ստի տոպրակը»՝ կեղծելով և ստելով Արցախի և պատերազմի ողջ պատմությունը։ Այդ արարածին փաստերով պատասխանելն անշնորհակալ զբաղմունք է, նույնը թե երդման կամ հայհոյանքի տակ դնես։

Ամենացավալին այն է, որ արդեն հինգ տարի հանդուրժում ենք ոչ մի սրբություն չունեցող, միայն ստերի կեղծիքների վրա հենված գարշաիշխանությանը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ