07 06 2023

Եռակողմ պայմանավորվածությունների փաթեթը համարում ենք այլընտրանք չունեցող ճանապարհային քարտեզ․ Զախարովա

Եռակողմ պայմանավորվածությունների փաթեթը համարում ենք այլընտրանք չունեցող ճանապարհային քարտեզ․ Զախարովա

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ աշխատում ենք Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման վրա եռակողմ ձևաչափով Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան՝ հիմնվելով մեր երկրների ղեկավարների հայտարարությունների վրա»,- ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ խոսնակ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Մոսկվան գնահատում Հարավային Կովկասում արևմտյան երկրների ակտիվացումը։

 Նա նշել է, որ եռակողմ պայմանավորվածությունների փաթեթը համարում են այլընտրանք չունեցող ճանապարհային քարտեզ Ռուսաստանի համար երկու եղբայրական ժողովուրդների հաշտեցման գործընթացի հարցում՝ ընդգծելով, որ այդ աշխատանքներն ունեն իրենց դինամիկան, ձևաչափերը, լրացուցիչ գործիքները։

«Մենք չենք փորձում որևէ բան արագացնել, մենք գնում ենք նախանշված պլանով, իրականացնում ենք այն ամենը, ինչի մասին պայմանավորվել ենք։ Մեզ համար միշտ առաջնահերթություն է մնում Ադրբեջանի և Հայաստանի մոտեցումների մերձեցումը, կայուն հավասարակշռված լուծումների մշակումը։ Հենց նման մոտեցումներին, նման աշխատանքին մենք պատրաստ ենք հետագայում աջակցել»,-ասել է նա։

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի և ԵՄ-ի գործողություններին, ապա նա ասաց. «Հարց է առաջանում, թե ինչով է պայմանավորված հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ մեծ  հետաքրքրությունը։ Նախկինում, առաջին հերթին՝ ԵՄ-ի կողմից, ոչ ոք մեծ հետաքրքրություն չէր ցուցաբերում անդրկովկասյան խնդիրների նկատմամբ։ Հիմա իրավիճակը կարծես փոխվել է»։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն անդրադարձել է պատմական փորձին՝ ընդգծելով. «Դա ցույց է տալիս, որ դրսից պարտադրված խաղաղության բանաձևերը, հատկապես նրանք, որոնք առաջարկում և առաջ են մղվում արագացված ռեժիմով, երբեք ոչ մի լավ բանի չեն հանգեցրել։

Դուք պետք է իմանաք տարածաշրջանի պատմությունը, հակամարտության պատմությունը, ժողովուրդների պատմությունը, դուք պետք է խորապես զգաք և, որ ամենակարևորը,  շահագրգռված լինեք իսկապես խաղաղ կարգավորման համար»:  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ