Ես հորդորում եմ Ադրբեջանի բոլոր պատասխանատու քաղաքական անձանց հարգելու միջազգային դատարանի որոշումը եւ անմիջապես բացելու Լաչինի միջանցքը: Այս մասին Երեւանում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նշեց Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը:
«Ես այսօր առավոտյան հանդիպել եմ ԼՂ-ից Հայաստան գաղթած կանանց, որոնք ներկայացնում են տարբեր կազմակերպություններ: Նրանք իրենց մտահոգությունը հայտնեցին կանանց հանդեպ բռնության, կամ այն բռնությունների վերաբերյալ, որոնք տեղի են ունեցել ԼՂ-ում: Այն հանգամանքը, որ ընտանիքի անդամները կարող են երկար ժամանակ բաժանված լինել, մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում է: ԼՂ-ում հայերի անվտանգությունը պետք է ապահովել տեւականորեն եւ չպետք է երբեք թույլ տալ, որ ԼՂ-ում տեղի ունենան էթնիկ զտումներ: Ակնկալում ենք, որ խաղաղության բանակցությունների շրջանակում անհապաղ ազատ կարձակվեն հայ ռազմագերիները, որոնք պահվում են Բաքվում, եւ որ սահմանազատման գործընթացի ամփոփման արդյունքում անվերապահորեն կճանաչվի Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ նա այստեղ է որպես Հայաստանի բարեկամ եւ իր համերաշխությունն է հայտնում հայ ժողովրդին, որը երկար տառապանքներից հետո, ի վերջո, մեծ փորձություններով պետք է անցնի եւ կարիք ունի ընկերների, բարեկամների․
«Մեր այցը նաեւ դրա խորհրդանիշն է: Այս բարդ, դժվարին տարածաշրջանում Հայաստանը թեեւ երիտասարդ ժողովրդավարական պետություն է, բայց նաեւ եվրոպական արժեքների եւ կայունության խարիսխ է հանդիսանում, եւ որպես արժանի հարեւան ԵՄ-ին: Ցավոք, համաշխարհային պատմությունը բազմաթիվ օրինակներ ունի ավտորիտար ռեժիմների եւ դրանց կողմից իրականացվող քաղաքականության: Մասնավորապես, այստեղ կնշեի Ռուսաստանը, բայց մենք Հայաստանը դիտարկում ենք որպես ժողովրդավար մի երկիր, որը ցանկություն է հայտնել ժողովրդավարական ճանապարհով միանալ քաղաքակիրթ աշխարհին»,-ասաց նա:
Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին, Ռոթն ասաց. «Ձեր կառավարությունը նաեւ խիզախ քայլ է արել՝ զիջման գնալով հարեւան Ադրբեջանի նկատմամբ՝ ի պաշտպանություն, ի անվտանգություն հայ ժողովրդի, որը ցանկանում է ապրել ազատ եւ անկախ իր երկրում: Ես կարող եմ պատկերացնել, որ դա կարող է հայ հանրության մեջ հարուցել մտահոգություններ ւ դժգոհություններ: Մենք նաեւ անկեղծորեն պատրաստ ենք ընկալելու այդ մտահոգությունները եւ շարժվելու նաեւ այս ուղղությամբ: Այդ պատճառով է, որ Գերմանիայի կանցլերն իր հերթին ֆրանսիական, ամերիկյան կողմերի հետ միասնաբար ներգրավված է խաղղության հաստատման գործընթացին այս տարածաշրջանում: Մեր հանձնառությունն է երկարատեւ խաղաղություն եւ ազատություն ապահովել ձեր երկրին ու քաղաքացիներին այս տարածաշրջանում»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը