Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմից:
Նախագահ Վահագն Խաչատուրյան – Նախ եւ առաջ, պարոն վարչապետ, ուզում եմ մեկ անգամ եւս իմ աջակցությունը հայտնել Ձեզ եւ կառավարությանը՝ այն քաղաքականության վերաբերյալ, որն իրականացնում եք կառավարության հետ միասին, որը միտված է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Դրա հետ կապված անցած շաբաթ կարեւոր իրադարձություններ էին մեր քաղաքական կյանքում՝ սկսած բրյուսելյան հանդիպումից, որից հետո Դուք հստակ արտահայտեցիք Հայաստանի Հանրապետության կառավարության, իշխանության տեսակետը, համաձայն որի՝ մենք ընդունում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ նույնն ակնկալում Ադրբեջանից:
Սա կարծում եմ՝ շատ կարեւոր հայտարարություն էր եւ նաեւ ապացույց էր, որ մենք ոչ թե պարզապես խոսքեր ենք ասում խաղաղության մասին, այլ տրամադրված ենք տարածաշրջանում վերջնականապես խաղաղություն հաստատելուն: Կարծում եմ՝ մեր հարեւանն էլ պետք է դա գիտակցի եւ գնահատի այն քայլերը, որոնք անում եք Դուք եւ կառավարությունը: Իրականում այն, ինչին գնում է այսօր կառավարությունը, ես նկատի ունեմ այն քայլերը, որոնք արվում են եւ՛ երկրի ներսում, եւ՛ արտաքին քաղաքականության ասպարեզում, միտված են դրան:
Ինչպես գիտեք, ես աշխատանքային ուղեւորության էի եւ Կատարում հանդիպել եմ տարբեր գործիչների եւ իմ կոլեգաների հետ: Ամենակարեւոր հանդիպումներից մեկն Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Կրիստալինա Գեորգիեւայի հետ էր: Ինձ համար ուրախալի էր լսել իր տեսակետը, որն ուզում եմ փոխանցել նաեւ Ձեզ: Հայաստանն իրենք ընդունում են որպես լիարժեք գործընկեր, որը կատարում է իր պայմանավորվածություններն ու պարտականությունները, որը վստահելի գործընկեր է՝ ֆինանսական կայունության եւ պարտականությունների կատարման առումով: Մեր հանդիպման ընթացքում լրացուցիչ պայմանավորվեցինք, որ կշարունակենք նույն ոճով աշխատել: Իրենք պատրաստ են լրացուցիչ ներդրումներ կատարել, լրացուցիչ ֆինանսական աջակցություն ցույց տալ:
Նույնն արձանագրեցինք նաեւ իմ գործընկերների, Կատարի էմիրի հետ հանդիպումների ժամանակ, իրենք պատրաստակամ են եւ սպասում են մեր առաջարկներին: Կատարը շատ դինամիկ զարգացող երկիր է, զարմանալի կարճ ժամանակում հաջողություններ է ունեցել: Բոլորիս թվում է, թե միայն ռեսուրսային երկիր է, բայց ըստ էության, իր զարգացման տրամաբանությամբ Կատարը ժամանակակից, բարձր տեխնոլոգիական, գիտելիքահեն տնտեսություն ունեցող երկիր է, եւ հանձինս նրա՝ մենք ունենք համագործակցության պատրաստակամ գործընկերոջ:
Ուզում եմ մեկ անգամ էլ վստահեցնել Ձեզ, որ ինքս իմ հնարավորությունների սահմաններում աջակցում եմ եւ աջակցելու եմ բոլոր այն ծրագրերին, որոնք իրականացնում եք Դուք, որոնք միտված են տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:
Վարչապես Նիկոլ Փաշինյան - Շնորհակալ եմ մեծարգո պարոն նախագահ, նախ շնորհակալ եմ աջակցության խոսքերի, ինչպես նաեւ նաեւ հրավերի համար: Այո, մենք պարբերաբար հրապարակային ֆորմատով հանդիպումներ ենք ունենում, բայց, իհարկե, անգամներով շատ նաեւ ոչ պաշտոնական հանդիպումներ ենք ունենում՝ քննարկում, խորհրդակցում ենք, փորձում հասկանալ, որոնք են լավագույն լուծումները մեր երկրի համար:
Իհարկե, համաձայն եմ Ձեզ հետ, որ այս հրապարակային հանդիպումներն էլ կարեւոր են, որպեսզի նաեւ մեր ժողովուրդը տեսնի, որ իշխանության տարբեր թեւերի միջեւ կա ինստիտուցիոնալ համագործակցություն, փոխգործակցություն: Մյուս կողմից էլ շատ կարեւոր է, որ իշխանության փոխգործակցության այդ մեխանիզմներն էֆեկտիվ կերպով գործեն:
Այս առումով, կարող եմ վկայել, որ իրապես նախագահ-խորհրդարան-կառավարություն եռյակի միջեւ շատ կոնստրուկտիվ համագործակցություն է հաստատված, ինչը շատ կարեւոր է հատկապես այս շրջանում: Նաեւ կարեւոր եմ համարում, որ կառավարության քաղաքականությունները որոշակիորեն քննարկված եւ խորհրդակցված են խորհրդարանի, Հանրապետության նախագահի հետ, բայց դա, իհարկե, ամենեւին էլ պատասխանատվության մասին չէ. կառավարությունն այն լիարժեք ստանձնում է եւ պետք է ստանձնի, բայց իմանալ նաեւ պետության կարեւորագույն ինստիտուտների կարծիքն այդ հարցերի վերաբերյալ՝ չափազանց էական է:
Նաեւ ուրախ եմ արձանագրել, որ մեր հանդիպումներում, ըստ էության, մի այսպիսի թրենդ է ձեւավորվել՝ մենք առայժմ որքան հանդիպել ենք՝ արձանագրել ենք մեր երկրում բավականին լավ տնտեսական ցուցանիշները: Ուզում եմ հույս հայտնել, որ մեր այս ավանդույթը որեւէ կերպով չի փոխվի: Այդ առումով, կարեւոր եմ համարում նաեւ մեր համագործակցությունը միջազգային տնտեսական եւ ֆինանսական ինստիտուցիոնալ կառույցների հետ, որովհետեւ մենք շատ նախանձախնդիր ենք վերաբերվում Հայաստանի վարկին: Իսկապես դա կարեւոր է, որովհետեւ բոլորը չէ, որ բոլոր մանրամասներով հետազոտում են երկիրը: Շատ դեպքերում հենց միջազգային ինստիտուտներից կարծիք են հարցնում, կամ էլ ծանոթանում նրանց հրապարակած կարծիքներին: Այնպես որ, մենք փորձում ենք դրսեւորել ինքներս մեզ որպես պատասխանատու գործընկեր:
Տարածաշրջանային իրադրության հետ կապված, իհարկե, ես այսօր առիթ ունեցել եմ ասելու, որ հատկապես մեր վերջին հանդիպումներից, բրյուսելյան պայմանավորվածություններից հետո Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններն առնվազն հարցեր են առաջացնում, եւ կարծում եմ՝ մենք պետք է հստակ մի հարցի պատասխան փորձենք գտնել, թե արդյոք այդ հայտարարությունները նշանակում են հրաժարում ձեռք բերված պայմանավորվածություններից: Կարծում եմ նաեւ, որ մեր միջազգային գործընկերների հետ պետք է այս խնդիրը կոմունիկացնենք, որովհետեւ բոլոր դեպքերում էլ պայմանավորվածությունների հուսալիությունը կարեւոր նախապայման է, որովհետեւ երբ ձեռք են բերվում պայմանավորվածություններ եւ դրանք կյանքի չեն կոչվում, իհարկե, դա խնդիր է բոլոր տեսակի հարաբերություններում, այդ թվում՝ միջազգային եւ միջպետական:
Պարոն նախագահ, ես էլ կկիսեմ իմ տպավորությունները, տեղեկությունները վերջին շրջանում տեղի ունեցած քննարկումներից, բանակցություններից: Իհարկե, մի հատվածը հասցրել ենք քննարկել, հիմա շատ ինտենսիվ է այդ գործընթացը, բայց նաեւ առաջիկա պլանների մասին Ձեզ տեղյակ կպահեմ, թե ինչ է նախատեսվում մեր միջազգային օրակարգում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը