25 05 2023

Նիկոլն Ալիևից «կադաստրի թուղթ» է մուրում․ վերլուծական

Նիկոլն Ալիևից «կադաստրի թուղթ» է մուրում․ վերլուծական

7or.am-ը գրում է․ Տեսնելով, որ Արցախն ուրանալու և ադրբեջանական հռչակելու մասին դավաճանական հայտարարություններն ընդվզում չեն հարուցում, իսկ բողոքն ու զայրույթն էլ սոսկ ֆեյսբուքներում են արտահայտվում՝ Նիկոլ Փաշինյանն ավելի ցինիկ ու անհեթեթ արտահայտություններ է անում և շարունակում է հակահայկական «քարոզները»: Չնայած, ավելի տեղին կլինի, եթե նշենք, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա գործակիցները ադրբեջանական քարոզչությամբ են զբաղված, ըստ որում՝ շատ ավելի ագրեսիվ ու ինտենսիվ, քան նույն ադրբեջանական քարոզչությունն է:

Համենայն դեպս այդ տպավորությունն է թողնում, օրինակ, ԱԺ-ում նրա ունեցած ելույթը, որի ընթացքում անհեթեթեաբանությունների մի նոր շարանով փայլատակեց: Ինչ արժե Նիկոլ Փաշինյանի թեկուզ այն արտահայտությունը, թե Հայաստանը «կադաստրի թուղթ» չունի, պարզ ասած ու ըստ Նիկոլ Փաշինյանի՝ տարածքը, որի վրա այժմ գտնվում է Հայաստանի Հանրապետությունը, «կադաստրով» Հայաստանի Հանրապետությանը չէ: Ինչ-որ անհասկանալի տարածք է, էլի, որը ժամանակավորապես զբաղեցրել ենք ու անգամ դրա վրա ինչ-որ պետությունանման բան ենք ձևավորել: Սեփականության վկայական էլ չունենք ու, ընդհանրապես, ինչ արել կամ չեն արել, լրիվ ապօրինի է:

Լավ, բա ո՞վ պիտի մեր «կադաստրի թուղթը» տա: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ «կադաստրի թուղթ» տվողն էլ իր սիրելի «կիրթ ու կառուցողական» գործընկեր Ալիևն է: Բա ուրիշ էլ ո՞վ:

Փաշինյանի էժանագին հնարքները նորություն չեն: Այդ շարքից է նաև «Արցախը հանձնենք ու հանգիստ ապրենք» տխմարաբանությունը, որը, Օրուելի «Անասնաֆերմայի» տարբերակով, նրան ձայնակցելով, կրկնում են իր կռապաշտները: Հիշո՞ւմ եք, «Անասնաֆերմայից». «Չորս ոտք լավ, երկու ոտք ավելի լավ...»:

Գործնականում Նիկոլ Փաշինյանն ընդամենը իր դավաճանությունն ինչ-որ կերպ «փաթեթավորելու» նպատակ է հետապնդում: Դավաճանությունը, որովհետև Արցախն ուրանալու մասին նրա հայտարարությունն ուղղակիորեն հակասում է ՀՀ Անկախության հռչակագրին, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության հիմքում դրված մոտեցումներին:

Ավելին, երբ մարդ նպատակ ունի ամեն կերպ արդարացնել իր դավաճանական քայլերը, խեղելով ու մոռացության տալով սեփական պատմությունը, հագուրդ տալով թշնամական պետությունների պահանջներին, հետևանքը լինում է նման ողբերգություն, որի մեջ այսօր հայտնվել ենք բոլորս:

Նման թեզը նաև հանցավոր բնույթ է կրում, քանի որ Հայաստանն իր «կադաստրի վկայականը» դեռևս Ազգերի լիգայից է ստացել՝ հստակ սահմաններով: Այն, որ Հայաստանը ներկայումս չի վերահսկում այդ ամբողջ տարածքը, դա այլ հարց է։

Իսկ այն, ինչն չունի Ադրբեջանը, փորձում է ստանալ Հայաստանի կառավարության ղեկավարի աթոռին նստեցված անձի ձեռքով։

Առհասարակ, Արցախը, որպես այդպիսին, Ադրբեջանի մաս չի եղել: Վստահ ենք, որ հանրագումարում չի էլ լինելու, որքան էլ որ Նիկոլ Փաշինյանն ու նրա մանկլավիկները ձգտեն դրան ու ինքնամոռաց սպասարկեն ադրբեջանական ու թուրքական շահերը:

Դժվար է ասել, թե Փաշինյանի հիվանդ երևակայությամբ Հայաստանն է՞լ ինչի թղթեր չունի: Ինչ իմանաս, որ վաղը, մյուս օրը Փաշինյանը չի հայտարարի, որ Հայաստանը, օրինակ, ծննդական չունի: Կարող է ասել, որ հայ ժողովուրդը զագսավորված չէ: Մի ուրիշ անգամ էլ կասի, որ օրինակ, հաշվառման թերթիկ չունի ու էլի ինչ-որ մի նման ապուշություն (ծափ տվողներ կան, ինչո՞ւ չասի):

Բայց այն, որ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, այլևս Հայաստանի ղեկավար կամ վարչապետ կոչվելու իրավունք չունի, ակնհայտ է: Նա մայիսի 22-ի իր հայտարարությամբ (և ոչ միայն դրանով, ի դեպ) ինքն իրեն արդեն զրկել է այդ իրավունքից: Հա, վարչապետի «թուղթ», այսինքն՝ վկայական, հնարավոր է, ունի: Բայց նա այլևս Հայաստանի վարչապետը չէ:

Առոչինչ են նրա հայտարարություններն ու գործողությունները: Մնում է միայն նրա վիճակը համապատասխանեցնել այդ կարգավիճակին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ