Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը խորհրդարանի նիստում ելույթ ունենալով՝ մի քանի վայրկյան տևողությամբ ձայնագրություն միացրեց Ռոբերտ Քոչարյանից, որտեղ նա ասում է․ «Մենք մեկ անգամ չէ, որ հայտարարել ենք և շարունակում ենք հայտարարել, որ այդ տարածքների նկատմամբ վերահսկողության իմաստը զուտ ռազմական է, և պատերազմի ավարտից հետո, թշնամական գործողությունների դադարեցման պարագայում այդ տարածքները կվերադարձվեն»: Հակոբ Արշակյանն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանն այդ ժամանակ Արցախի նախագահն էր, և նրա խոսքը, ըստ էության, 7 շրջանների մասին էր:
Yerevan.Today-ը դիմեց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանին՝ պարզելու, թե ինչ ձայնագրության մասին է խոսքը, երբ է արվել։
Բագրատ Միկոյանը պատասխանեց․ «Հարցազրույցը տրվել է Ռուսատանի ОРТ հեռուստաընկերության «Момент истины» հաղորդման համար՝ 1994 թվականի հունվարի 10-ին, Արցախի Պետական Պաշտպանության Կոմիտեի Նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից, դեռևս պատերազմի ժամանակ: Մարտական գործողություններն ուղղված էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շուրջ անվտանգության գոտու ստեղծմանը, ինչը իրականացվեց փայլուն ձևով:
Իշխանության ներկայացուցչին առաջարկում եմ Հ1-ով հրապարակել այդ հարցազրույցն ամբողջությամբ՝ ավելի ցայտուն դարձնելու մեր հասարակության համար, թե պատերազմի ընթացքում հաղթող ղեկավարը իրեն ինչպես է դրսևորում:
Ի դեպ, այդ տարածքները եղել են Արցախի անվտանգության և անկախության երաշխիքի ծանրակշիռ մասը, ինչը իրենք «ամբողջությամբ» մսխել են:
Շնորհակալ ենք Արշակյանին մեր պատմության այս փառավոր հատվածը հիշեցնեու համար»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը