Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, տեղի է ունենում դատական նիստ, որում ներգրավված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Yerevan.Today-ը կապ հաստատեց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի հետ՝ իմանալու՝ ինչու նախագահ Քոչարյանը չի մասնակցում դատական նիստին։
«Այսօր տեղի ունեցող դատական նիստի վերաբերյալ նախագահ Քոչարյանը ծանուցում չի ստացել»,- ասաց Բագրատ Միկոյանը:
«Ներկայում նախագահը մասնավոր այցով գտնվում է արտերկրում, ուր մեկնել է սեպտեմբերի 18-ին ՝ մինչև նիստի նշանակումը: Մոտ օրերս նախագահը վերադառնալու է և պատշաճ ծանուցման դեպքում կներկայանա դատարան»,- հավելեց նախագահի գրասենյակի ղեկավարը։
Նշենք, որ դատավորը 2018թ․ արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված, սակայն պատգամավոր չընտրված Սարգիս Պետրոսյանն է։
Նշենք, որ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործը կարճվել էր հակասահմանադրական լինելու հիմքով, սակայն վճռաբեկ դատարանը սեպտեմբերի 12-ին բեկանել է գործը և նոր քննություն նշանակել, այլ հոդվածներով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը