ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ Երևանում քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, կողմերն ընդգծել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններով ջանքերն ակտիվացնելու անհրաժեշտությունը: Այս մասին հայտնում է ria.ru-ն։
ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը Երևանում խորհրդակցություններ է անցկացրել Հայաստանի փոխարտգործնախարար Վահե Գևորգյանի և Մնացական Սաֆարյանի հետ։ Գալուզինը առանձին զրույց է ունեցել նաև արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ:
«Մանրամասն քննարկվել է տարածաշրջանում տիրող իրավիճակը՝ առաջին հերթին Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում իրավիճակի սրման համատեքստում, ինչը լուրջ անհանգստություն է առաջացնում»,- ասվում է հաղորդագրությունում։
Ընդգծվում է, որ խորհրդակցությունները նախանշել են «հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններով ջանքերն ակտիվացնելու անհրաժեշտությունը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածություններին համապատասխան»։
Բացի այդ, նրանք պայմանավորվել են շարունակել շփումները։ Կողմերը նշել են նաև ռուս-հայկական երկխոսության զարգացումը, համապատասխան գերատեսչությունների միջև համագործակցության աճը և առևտրատնտեսական հարաբերությունների ռեկորդային դինամիկան։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը