20 04 2023

Ըստ Փաշինյանի, ոչ թե «Հայաստանի ինքնիշխան տարածք», այլ՝ մեր գնահատմամբ ինքնիշխան տարածք



 

«Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ունենք 11 կիլոմետրից որոշակի 5 կիլոմետր հատված, որը մենք համարել և համարում ենք պրոբլեմատիկ հատված. այսօրվա դրությամբ այդ պրոբլեմատիկ հատվածը կրճատվել է ևս 1,4 կիլոմետրով: Դա նշանակում է, որ ևս այդքան սահման ճշգրտվել է: Ի՞նչ է նշանակում սահման ճշգրտել, նշանակում է, որ և՛ մենք, և՛ ադրբեջանցիք այդ կետի վերաբերյալ ունենք ընդհանուր կարծիք, որ մեր սահմանային գիծն անցնում է այստեղով: Հայաստանցի սահմանապահները տեղակայվում են այդ սահմանից որոշակի հեռավորության վրա, ադրբեջանցի սահմանապահները տեղակայվում են այդ սահմանից որոշակի հեռավորության վրա»,- այսօր՝ ապրիլի 20-ին, ԱԺ-ի միջանցքում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը սաց Փաշինյանը:

«Այդ պրոբլեմատիկ հատվածը, որտեղ իրենք գտնվում էին, մեր գնահատմամբ, Հայաստանի ինքնիշխան տարածքում, նախկին իմ արած հայտարարությամբ այն 5 կիլոմետրից ավելի էր պրոբլեմատիկ հատված, հիմա այդ 5 կիլոմետրը դարձել է 3,6: Այսինքն՝ սահմանապահներն իրար հետ աշխատել են, սահմանային կետը ճշգրտել են, և տեղակայվել են որոշակի հեռավորության վրա: Մենք հույս ունենք նաև, որ մնացած 3,6 կիլոմետր հատվածները կճշգրտվի, և թեման կամփոփվի: Մյուս կողմից էլ մինչև դա տեղի չունենա, չենք կարող ասել, որ դա տեղի է ունեցել»:

Լրագրողի հարցին, թե ինչու է գնում խաղաղության պայմանագրի, եթե հա՛մ Ալիևն է շարունակ հոխորտում, համ էլ անգամ ինքը՝ Փաշինյանը չի հավատում, որ խաղաղություն կլինի, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Պատրաստ եմ և հույս ունեմ, որ խաղաղության պայմանագիր կստորագրվի` իմ հասցեագրած խնդիրների հասցեագրման շրջանակներում։ Ես հավատում եմ խաղաղության օրակարգին:

Մեզ համար կարևոր է, որ բանակցություններում նաեւ նախատեսված լինեն երաշխիքներ։ Իսկ որ ընդհանրապես երաշխիք չկա, դա մեր միջազգային իրադրության ամենակարեւոր առանձնահատկությունն է։ Այսօր աշխարհում չկա մի երկիր, որը կարող է ասել` ես երաշխավորում եմ, որ վաղը կլինի սա, այդ թվում` սեփական անվտանգության համար»։

Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ ենք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրում, Փաշինյանը պատասխանեց. «Նախ փաստ չէ, որ ստորագրում ենք այն»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ