Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Սյունիքի Տեղ, Կոռնիձոր, Արավուս գյուղերում վաղ առավոտից իրականացրել են փաստահավաք աշխատանքներ:
«Ապացույցներով ամրագրել ենք ադրբեջանական հանցավոր ներխուժումները ՀՀ ինքինշխան տարածք` Սյունիքի մարզի Տեղ համայնքի հատվածում: Փաստերը հաստատում են, որ ադրբեջանական զինված ծառայողների անօրինական ներկայությունն ուղղակի անհնարին է դարձրել մարդկանց բնականոն, անվտանգ կյանքը, մարդիկ չեն կարողանում օգտագործել օրինական հիմքերով իրենց պատկանող արոտավայրերն ու վարելահողերը: Խաղաղ բնակիչների անգամ տներ, տնամերձ հողամասեր, դպրոց կամ մանկապարտեզ գտնվում են ադրբեջանական թիրախի ներքո:
Այս ամենին էլ գումարվում է ադրբեջանական իշխանության հայատյաց ու թշնամանքի քաղաքականությունը, մեր ժողովրդի նկատմամբ ադրբեջանական զինված ծառայողների հանցանքների հովանավորությունն ու անպատժելիությունը»,-գրել է նա:
Թաթոյանը նկատել է, որ թե´ ՀՀ Զինված ուժերի, թե´ Սահմանապահ զորքերի ծառայողները խաղաղ բնակչությանն անմիջականորեն պաշտպանում են ադրբեջանական հանցավոր արարքներից, հետևաբար զինված ծառայողների կյանքը և առողջությունը նույնպես միջազգային ուղիղ պաշտպանության ներքո են։
Թաթոյանի խոսքով՝ այցի արդյունքներն առավել մանրամասն հատուկ սկզբունքով կվերլուծվեն, կամփոփվեն և զեկույցով կհրապարակվեն։ Դրանք կուղարկվեն նաև միջազգային կառույցներին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը