Քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.
«Ճշմարտություններ կան, որ մեր ժողովուրդը պետք է իմանա։ Դրանք մեր ապագային վերաբերող ճշմարտություններ են։ Դրանցից մեկն այն է, որ Արցախում տեղի ունեցող զարգացումները ոչ միայն անխուսափելի են, այլև անհրաժեշտ։ Ու, որքան էլ տարօրինակ հնչի, հենց մեզ են անհրաժեշտ՝ հայերիս։ Ինչու՞։ Որովհետև առանց կոնֆիլկտ թշնամուն հաղթել հնարավոր չի։ Իսկ մենք հիմա այն վիճակում ենք, որ չհաղթել չենք կարող։ Հաշտվել՝ առավել ևս։ Հաղթանակից բացի մնացած բոլոր սցենարները նախ Արցախի, ապա նաև Հայաստանի կորուստ են նշանակում։ Հետևաբար կոնֆլիկտը մեզ է պետք և մենք պետք է սա լավ իմանանք։
Երկրորդ, այս ամենը շուտ չի ավարտվելու։ Ու նաև հեշտ չի լինելու։ Արցախի բլոկադան էլ, թերս, երկար կշարունակվի։ Եվ սա նույնպես մեր ժողովուրդը պետք է լավ իմանա։ Մարդիկ պետք է պատրաստ լինեն սպասվող զարգացումներին։ Չի կարելի ժողովրդին խաղաղության կեղծ հույսերով սնել։ Տարածաշրջանը նոր է մտնում վերափոխումների փուլ, և մինչև այդ գործընթացը չավարտվի, մենք միշտ ապրելու ենք վառոդի տակառի վրա։
Երրորդ, մենք պետք է վերջապես հասկանանք, որ մոլորակը Հայաստանի շուրջը չի պտտվում։ Ավելին, աշխարհի մեծերը հաճախ սկի չեն նկատում մեզ։ Նրանք իրենց խնդիրներն են լուծում և շատ չեն անհանգստանում, եթե արանքում Հայաստանը տարածքներ է կորցնում կամ ձեռք բերում։ Մենք չենք կարող աշխարհը փոխել։ Մեր խնդիրը շատ ավելի լոկալ պետք է լինի և վերաբերվի առավելապես այս արևի տակ ապրելու մեր բնական իրավունքին։
Հաջորդը, Հայաստանի խնդիրների աղբյուրը Ռուսաստանում, Եվրոպայում և Միացյալ Նահանգներում չէ։ Ավելին՝ այն նույնիսկ Ադրբեջանում, Թուրքիայում կամ Իրանում չէ։ Մեր խնդիրների պատճառը հենց մենք ենք։ Մենք հենց ինքներս տեղով խնդիր ենք։ Նիկոլը վկա։
Էլի ճշմարտություններ կան, որ մեր ժողովուրդը պետք է իմանա։ Բայց հիմա չեմ ուզում շատ ծանրացնել այս գրառումը։ Հնարավոր է՝ հետագայում նորից անդրադառնամ այս թեմային։
Բայց կարևոր մի բան կա, որ անպայման ուզում եմ ասել՝ այսպես այլևս չի կարող շարունակվել։ Գործ ունենք անելու։ Մենք պետք է փոխվենք։ Պետք է լավ հասկանանք մեր տեղն ու դերը այս աշխարհում։ Պետք է ինքներս զբաղվենք մեր խնդիրներով։ Ու, ամենակարևորը, պետք է պայքարենք և դիմադրենք։ Ախր ինչպե՞ս կարող է թշնամին գալ ու անխոչընդոտ փակել Արցախը սնուցող վերջին մազանոթները։ Ինչպե՞ս։ Նման բան չի կարող ու չպիտի լինի։ Եվ սա պետք է մեր էլիտաների որոշումը դառնա։ Ժողովուրդն էլ թող իմանա, որ իր ճակատագրի տնօրինողը հենց էլիտաները պետք է լինեն։ Այլ ոչ թե խաժամուժը։ Հակառակ պարագայում մեզ նոր կոտորածներ են սպասվում։ Ու սա էլ մեր ժողովուրդը պետք է լավ իմանա։
Եվ եթե վախենանք մարդկանց ասել այս պարզ ճշմարտությունները, ապա հենց մենք կդառնանք ժողովրդի առաջին գերեզմանափորը։ Ես չեմ ուզում նման դեր ստանձնել։ Հուսով եմ՝ դուք էլ... Շարունակելի»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը