Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի կողմից 2023 թվականի մարտի 15-ին ընդունված բանաձևերում Ադրբեջանի իշխանություններին ուղղված կոչերը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության համապատասխան ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը, ինչպես նաև կատարել ՄԱԿ-ի Միջազգային դատարանի 2023 թ. փետրվարի 22-ի որոշմամբ սահմանված իրենց պարտավորությունները: Այս մասին ասված է Արցախի ԱԳՆ-ի՝ Եվրախորհրդարանի կողմից ԵՄ-Հայաստան և ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ բանաձևերի ընդունման կապակցությամբ տարածված մեկնաբանության մեջ․
«Այս կապակցությամբ մեր աջակցությունն ենք հայտնում ԵՄ Խորհրդին ուղղված Եվրախորհրդարանի կոչին՝ հասցեական պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պետական պաշտոնյաների նկատմամբ, եթե Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումն անհապաղ չկատարվի։
Կարևոր ենք համարում, որ Եվրախորհրդարանն իր բանաձևերում հստակ ընդունել է, որ ավելի քան երեք տասնամյակ տևող և տասնյակ հազարավոր զոհերի, հսկայական ավերածությունների ու հազարավոր մարդկանց բռնի տեղահանման հանգեցրած ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը մնում է չլուծված:
Մասնավորապես, Եվրախորհրդարանի անդամներն արդարացի և հիմնավորված մտահոգություն են հայտնել այն փաստով, որ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո ընդունված 2020 թվականի նոյեմբերի 9-ի զինադադարի մասին հայտարարության դրույթներն ամբողջությամբ չեն կատարվել. պարբերաբար բռնկվում են մահաբեր ռազմական բախումներ, բազմիցս խախտվել է հրադադարի ռեժիմը, ինչը հանգեցրել է հարյուրավոր զոհերի և ադրբեջանական զորքերի կողմից նոր՝ այդ թվում Հայաստանի Հանրապետության տարածքների օկուպացիայի, իսկ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից արգելափակվել է երթևեկությունը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև Լաչինի միջանցքով, ինչը բացասաբար է անդրադառնում Արցախ պարենի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման վրա:
Եվրախորհրդարանը ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների մասին իր բանաձևում նաև ընդունել և դատապարտել է Թուրքիայի ծավալապաշտական և ապակայունացնող դերը Հարավային Կովկասում, ինչն այդ թվում դրսևորվել է մարտական գործողություններին Ադրբեջանի կողմից մասնակցելու համար հակամարտության գոտի սիրիացի վարձկանների ուղարկմամբ, և դիրքորոշում հայտնել, որ տարածաշրջանում կառուցողական դերակատարություն ունենալու համար Թուրքիան պետք է վերանայի իր անվերապահ աջակցությունն Ադրբեջանին և իրական քայլեր ձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար:
Կիսում ենք եվրախորհրդարանականների դիրքորոշումն առ այն, որ ռազմական ճանապարհով, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառմամբ հնարավոր չէ հասնել կայուն և տևական խաղաղության, այլ անհրաժեշտ է համապարփակ քաղաքական կարգավորում՝ միջազգային իրավունքի, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ և 1975թ. ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության, իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման երեք սկզբունքներին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի 2009 թվականի հիմնարար սկզբունքներին համապատասխան:
Այս առումով համակարծիք ենք Եվրախորհրդարանի անդամների հետ, որ համապարփակ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է դադարեցնել բոլոր բռնությունները և վերացնել հակամարտության բուն պատճառները, այդ թվում՝ կապված արցախահայության անվտանգության և իրավունքների ապահովման, Արցախի վերջնական կարգավիճակի որոշման, ինչպես նաև բոլոր փախստականների ու ներքին տեղահանվածների իրենց տներ արագ և անվտանգ վերադարձի խնդրի լուծման հետ:
Համոզված ենք, որ Եվրախորհրդարանի բանաձևերը, այդ թվում՝ ադրբեջանական պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ առաջարկությունները, կարևոր ներդրում կլինեն ընդհանուր ջանքերում՝ ուղղված շրջափակման դադարեցմանը և Արցախում էթնիկ զտումներ ու ցեղասպանություն իրականացնելու Ադրբեջանի հանցավոր ծրագրերի կասեցմանը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը