NEWS.am-ը գրում է․ Բա հենց իշխանության մեջ պետք է կոռուպցիա լինի, եթե լինում է, բա ո՞ւմ դեմ պայքարենք, որտեղ պայքարենք, գնանք հարեւան պետության կոռուպցիոն խնդիրները լուծե՞նք: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ կոռուցպիայի դեմ պայքարող իշխանության ներսում կոռուպցիոն սկանդալներ են բացահայտվում:
«Կոռուպցիան հենց նա է, որ մարդն ունենալով պետական համապատասխան դիրք, չարաշահում է իր դիրքը: Հիմա ի՞նչ տարօրինակ բան կա, որ մենք պայքարում ենք դրա դեմ, չպայքարե՞նք: Մենք ասում ենք, որ համակարգային կոռուպիա չկա, բայց կոռուպցիան ընդհանրապես զրո երբեք չի լինի; Բայց դրա դեմ պայքարը անընդհատ պետք է լինի»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է նրան, որ կովիդի չարաշահումների գործով ձերբկալվել են տասնյակից ավելի քաղաքացիներ, այդ թվում փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանը, Աղազարյանն ասաց. «Այո, փոխքաղաքապետը ժամանակին եղել է առողջապահության փոխնախարար, երբ Արսեն թորոսյանը նախարարն էր: Բայց դա ավտոմատ կերպով ոչինչ չի նշանակում, մենք պետք է սպասենք իրավական գործընթացների ավարտին»:
Աղազարյանը կտրականապես հերքեց կապը այս գործի եւ ՔՊ-ի վարչության ընտրություններում Արսեն Թորոսյանի կողմից կեղծիքների բացահայտման միջեւ:
Հարցին՝ երկրի վարչպետը այս ամենի մասին չի՞ իմացել կամ անգամ համակարգել, նա արձագանքեց. «Վարչապետը չի կարող հասցնել ամեն ինչից տեղյակ լինել: Դա ֆիզիկապես անհնար է: Դրա համար վարչպետի գլխավորությամբ մեր թիմը ինստիտուցիոնալ ձեւով է մոտենում նման հնարավոր խնդիրների դեմն առնելու իմաստով: Մասնավորապես, մենք օրենք ենք ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին: Այս օրենքն ունի կանխարգելիչ նշանակություն, ուղղված է մեզ՝ իշխանավորներիս, որ մենք իմանանք, որ պետք է մեր հայտարարագրված ունեցվածքը համապատասխանի մեր իրական ունեցվածքին:
Մյուս կողմից տրված է իշխանությունների տարնջատման սկզբունքը: Ամեն ճյուղ իր աշխատանքն է կատարում եւ այդ ընթացքում ինչ-որ բաներ են պարզվում, թող պարզվեն: Ոչ ոք ապահովագրված չէ, վարչապետի համար չկան յուրայիններ եւ ոչ յուրայիններ»:
Հովիկ Աղազարյանը պատմեց, որ երբ հեղափոխությունը նոր էր տեղի ունեցել, շատ նեղ կազմով նստած են եղել, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այստեղ նստածները 5 տարվա ընթացքում բացառությամբ հիփոթեքով ձեռք բերված բնակարանի, ոչինչ չպետք է ունենան. «Ով ուզում է հարստանալ, թող գնա բիզնեսով զբաղվի, մենք կապհովենք բարենպաստ պայմաններ, ինչպես բոլորի համար: Այնպես չի, որ վարչապետի կողքը հավաքվածներս բոլորս սուրբ ենք, հետեւաբար, ոչ մեկս էլ ապահովագրված չենք սխալներից եւ դրա չափով պետք է պատասխանատվություն կրենք»,-ընդգծեց նա:
Հիշեցնենք, որ «կովիդի» գործով արդեն իսկ 11 անձ ձերբակալվել է եւ տարբեր մեղադրանքներ են առաջադրվել: Կալանավորվել է նաեւ փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանը, ով այդ ժամանակ եղել է առողջապահության փոխնխարար: Իսկ նխարարն այդ ժամանակ Արսեն Թորոսյանն էր եւ մամուլն արդեն գրել է, որ հնարավոր է՝ նրա նկատմամբ եւս մեղադրանք առաջադրվի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը