Ադրբեջանի կազմում Արցախի ինտեգրացիայի հարց Հայաստանը չի քննարկել: Այս մասին «Ազատության» հետ զրույցում վստահեցրեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Այդ քննարկումները իրավունքների և անվտանգության մասին են, և միջազգային պայմանավորվածությունները հենց սրանք էին, և հենց այս պայմանավորվածությունները պետք է ի կատար ածվեն», - ասաց նա:
Հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.
Հարցին, թե ի՞նչ նկատի ուներ Ալիևը, որ ասում էր՝ կա միջազգային պայմանավորվածություն բանակցել Ղարաբաղի հայերի հետ, Արմեն Գրիգորյանը պատասխանեց. «Դեռևս սեպտեմբերին մենք Վաշինգտոնում հանդիպում ենք ունեցել Ջեք Սալիվանի և Հիքմեթ Հաջիևի հետ, և քննարկման թեմաներից մեկը եղել է հենց միջազգային մեխանիզմի ձևավորումը: Կարծում եմ՝ սա նկատի ուներ, որ միջազգային մեխանիզմի մասին երբ խոսում ենք, որի շրջանակներում քննարկումներ պետք է տեղի ունենան Ստեփանակերտի և Բաքվի միջև, բայց այս քննարկումները վերջնագրերի մասին չեն, որովհետև Ադրբեջանը որոշակի վարքագիծ է դրսևորում, որը դուրս է պայմանավորվածություններից, այսինքն՝ փորձում է վերջնագրերով խոսել, շարունակում է տարբեր գործիքներով ճնշել Լեռնային Ղարաբաղին, նկատի ունեմ՝ Լաչինի միջանցքը փակ պահել, դիվերսիան, ահաբեկչական գործողություններ իրականացնել, նկատի ունեմ մարտի 5-ին, նաև ինչպես Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունն էր չորեքշաբթի օրը հայտարարել՝ ահազանգում է, որ Ադրբեջանը պրովոկացիաների է նախապատրաստվում»:
Ինչ վերաբերում է նրան, որ Բաքուն պնդում է, որ այդ երկխոսության օրակարգում պետք է լինի Ղարաբաղի հայերի ինտեգրացիայի հարցը, և հայտնի է՝ Ստեփանակերտը մերժում է, ԱԽ քարտուղարն ասաց. «Մենք այդպիսի հարց չենք քննարկել: Բոլորն էլ հրապարակային խոսել են, որ այդ քննարկումները իրավունքների և անվտանգության մասին են, և միջազգային պայմանավորվածությունները հենց սրանք էին, և հենց այս պայմանավորվածությունները պետք է ի կատար ածվեն: Երևանի դիրքորոշումն է, որ քննարկվի այն, ինչ պայմանավորվել ենք, այսինքն՝ իրավունքներ և անվտանգություն միջազգային մեխանիզմի շրջանակներում»:
Դիտարկմանը, որ ըստ Ադրբեջանի՝ դա կարող է և ենթադրել ինտեգրացիա, նա ասաց. «Եթե կանխորոշում ենք վերջնարդյունքը, ապա այդ բանակցությունները դժվար են առաջ գնալու, որովհետև Լեռնային Ղարաբաղն էլ կարող է հայտարարել իր ակնկալիքների վերջնարդյունքների մասին: Դրա համար որպեսզի բանակցությունները տեղի ունենան, պետք է հնարավորություն ստեղծել քննարկումների մասին, և պետք է մնալ պայմանավորվածությունների շրջանակում, որովհետև մենք պայմանավորվել ենք քննարկելու անվտանգություն և իրավունքներ»:
Հարցին, թե արցախահայերի իրավունքների ապահովման, ոչ բանակցությունների, կոնկրետ մեխանիզմի առաջարկ կա՞ այսօր օրակարգում, Արմեն Գրիգորյանը պատասխանեց. «Միջազգային մեխանիզմը նրա մասին է, որպեսզի բանակցություններ կամ քննարկումներ տեղի ունեան Ստեփանակերտի և Բաքվի միջև, և այնտեղ քննարկումների արդյունքում կարող է մեխանիզմներ ստեղծվել, մեխանիզմներից մեկը, օրինակ, կարող է լինել, որ Լեռնային Ղարաբաղի շփման գծի շուրջ ստեղծվում է ապառազմականացված գոտի: Այդ ապառազմականացված գոտին, բնականաբար, անվտանգության երաշխիքներ է ստեղծելու Լեռնային Ղարաբաղի համար: Կարող են քննարկվել այլ հարցեր, կարծում եմ՝ բազմապիսի հարցեր կան, որոնք կարող են քննարկվել, միջազգային հանրության ներկայությունը Լեռնային Ղարաբաղում կարող է քննարկել, և մեխանիզմ ստեղծել, թե ինչպես է միջազգային հանրությունը ներկա, որպեսզի անվտանգություն ապահովի ԼՂ-ում ապրող հայերի համար: Իրավունքների մասին կրկին մեխանիզմներ կարող է քննարկել, և այդ մեխանիզմների շրջանակում իրավունքները ապահովել: Այսինքն՝ այս պահին կա միջազգային մեխանիզմ բանակցությունների մասին պայմանավորվածություն, բայց կարգավորումները, որոնք պետք է ապահովեն անվտանգություն և իրավունքներ, արդեն բանակցությունների առարկա են»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը