09 03 2023

Արցախը շարունակում է հավատարիմ մնալ բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ կարգավորմանը

Արցախը շարունակում է հավատարիմ մնալ բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ կարգավորմանը

Արցախի ԱԳՆ-ն պատասխանել է «Արմենպրես» լրավական գործակալության հարցին առ այն, թե ի՞նչպիսի դիրքորոշում ունեն Արցախի իշխանությունները հակամարտության կարգավորման նպատակով Ադրբեջանի հետ ուղիղ երկխոսություն վարելու միջազգային միջնորդների վերջին առաջարկությունների վերաբերյալ։

Պատասխանը ներկայացնում ենք ստորև.

«2020 թ․ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեղի են ունեցել մի քանի հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվել են բացառապես հումանիտար, ենթակառուցվածքային և բնակչության կենսագործունեության հետ կապված այլ հրատապ խնդիրներին առնչվող հարցեր։ Վերջին նման հանդիպումը կայացել է 2023 թ․ մարտի 1-ին, որի ընթացքում քննարկվել են հումանիտար հարցեր՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անհապաղ ապաշրջափակման անհրաժեշտության համատեքստում։

Ակնհայտ է, որ հրատապ խնդիրների լուծմանն ուղղված նման քննարկումները կողմերի միջև չեն կարող փոխարինել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կայուն և համապարփակ կարգավորման համար անհրաժեշտ լիարժեք խաղաղ բանակցությունները:

Արցախը շարունակում է հավատարիմ մնալ բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ կարգավորմանը, որը պետք է հիմնված լինի ոչ թե ռազմական ուժերի հարաբերակցության կամ ուժի կիրառման արդյունքների օրինականացման, այլ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների՝ այդ թվում իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա։ Այս սկզբունքները պաշտպանելու լավագույն տարբերակն է միջազգային հանրության ներգրավումը Ադրբեջանի հետ քննարկումներում։

Մենք բազմիցս միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել ենք այն փաստի վրա, որ բանակցությունները պետք է տեղի ունենան համաձայնեցված՝ միջազգայնորեն ճանաչված ձևաչափով, որի շրջանակներում կապահովվեն պայմաններ և երաշխիքներ կողմերի՝ ստանձնած պարտավորություններն անշեղորեն կատարելու համար։ Այս առումով, նախ անհրաժեշտ է ջանքերը կենտրոնացնել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք իրականացման վրա։ Հենց դա կլինի խաղաղ գործընթացին կողմերի բարեխիղճ մոտեցման գլխավոր ցուցիչը։ Միայն դրանից հետո կարող են ձևավորվել բարենպաստ պայմաններ մյուս բոլոր խնդիրների, այդ թվում՝ Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման, նրանց իրավունքների՝ ներառյալ ազատ կամաարտահայտման իրավունքի առանց սահմանափակումների իրացման հետ կապված հարցերի քննարկման համար։

Համոզված ենք, որ առանց այս կարևորագույն հարցերի լուծման անհնար է հասնել հակամարտության համապարփակ կարգավորմանը:

Ցանկանում ենք միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել նաև այն փաստի վրա, որ մի կողմից Ադրբեջանը հայտարարում է Արցախի հետ երկխոսության պատրաստկամության մասին, մյուս կողմից՝ գրեթե երեք ամիս շրջափակման մեջ պահում նրա ժողովրդին, ահաբեկչական հարձակումներ կազմակերպում նրա դեմ և հանդես գալիս առավելապաշտական պահանջներով՝ փորձելով ճնշումներ գործադրել և ուժի կամ ուժի սպառնալիքի լեզվով հասնել իր նպատակներին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ