7or.am-ը գրում է․ Արցախի անվտանգության խորհրդի նիստում Արայիկ Հարությունյանը գործնականում հաստատեց ավելի վաղ մեր ու ոչ միայն մեր այն դիտարկումները, որ թշնամական կողմի հետ այսպես կոչված «ուղիղ շփումների»ծրագրով վերջին հանդիպման ժամանակ ամենևին էլ «տեխնիկական հարցեր» չեն շոշափվել: Հաստատեց, որ ադրբեջանական կողմը խոսել է այսպես ասած՝ «ինտեգրացիայի» մասին, իսկ եթե իրերն իրենց անուններով կոչենք՝ Արցախից մնացած բեկորի լուծարման և ադրբեջանական ենթակայության տակ մտնելու, թուրքին անձնատուր լինելու մասին:
Այն, որ ադրբեջանական կողմը, մինչ այդ իրեն արված ահռելի ու չդադարող զիջումներից հետո, բնականաբար, նորանոր պահանջներ էր դնելու և դնելու է, մինչև չհասնի Արցախի ոչնչացմանն ու հայաթափմանը, չէին կարող չհասկանալ միայն սաղավարտին «ՀՀ վարչապետ» մակագրությամբ շրջողին ու նրա արցախյան տարբերակ Արայիկ Հարությունյանին հլու-հնազանդ ականջ դնողները:
Հիմա Արայիկ Հարությունյանը նորից խոսել է պայքարը շարունակելու, Արցախի հայության ինքնորոշման իրավունքը պաշտպանելու, այդ ընտրությանը մինչև վերջ տեր կանգնելու վճռականության ու նման կարևոր բաների մասին: Նաև խոսել է այն մասին, որ Ադրբեջանն ավելի ագրեսիվ է դառնալու։
Եթե մի պահ վերանանք այն դաժան իրողությունից, թե հատկապես ո՛վ է նման բաներ ասում, ապա հնչած հայտարարության այդ հատվածի վերաբերյալ որևէ դիտողություն կամ հավելյալ պահանջ հազիվ թե լինի:
Բայց նախ, այս պարագայում ոչ մի կերպ հնարավոր չի «վերանալ» հայտարարողի անձից: Ի վերջո, նա այն Արայիկ Հարությունյանն է, որ 44 օր շարունակ անմիջականորեն ներգրավված էր համայն հայությանը մոլորեցնելու՝ «հաղթելու ենք» հրեշավոր ստի նիկոլական ծրագրում, որպես կարևոր դերակատար, նաև՝ կհիշեք, թե ինչ հայտարարություններ էր անում, իսկ թե հետո ինչ պարզվեց, մինչև օրս տեսնում են բոլորը:
Երկրորդ, նշվածից բացի, Արայիկ Հարությունյանը նաև նման բան է հայտարարել. «...եթե կան այնպիսի տրամադրություններ հանրության մեջ, որ պետք է ընդունել Ադրբեջանի կողմից ներկայացված առաջարկությունը, ապա հնարավորություն ունեն իրենց քաղաքացիական իրավունքների շրջանակում բարձրաձայնել և ասել, որ մեր ընտրած ճանապարհը սխալ է, փորձեն ձևավորել այդ տրամադրությունները, երկրում ձևավորեն նոր իշխանություն»:
Այսի՞նքն: Թշնամին պաշարել է միջնաբերդը՝ ամրոցի պաշտպաններին ու այնտեղ ապաստանած բնակիչներին սրի քաշելու ակնհայտ մտադրությամբ, մեկ էլ բերդապետն ասում է, գիտեք ինչ՝ պիտի մինչև վերջ պայքարենք, բայց եթե կան զորականներ, որ գտնում են, թե ավելի լավ է հանձնվենք, բերդն էլ հանձնենք թշնամուն, թող նոր բերդապետ ընտրեն ու հանձնվեն:
Հիմա Արայիկ Հարությունյանինն է՝ Արցախի անվտանգության խորհրդի նիստում արած հայտարարության առումով: Անհայտ է, համենայն դեպս չնկատեցինք՝ նիստի ընթացքում սեղանին կոֆե դրա՞ծ էր, թե՞ ոչ, բայց նրա ասածը կարող է տարբեր կերպ մեկնաբանվել, այդ թվում՝ որպես հրաժարականի յուրօրինակ հայտարարություն: Նաև՝ Ադրբեջանին հանձնվելու թեման քննարկման առարկա դարձնելու նախաձեռնություն։ Նա հա՛մ մեխին է ուզում խփած լինել, հա՛մ պայտին: Ինքը դիրքավորվում է որպես «պայքարիստ», բայց գործնականում դաշտ է բացում նաև «ինտեգրիստների» համար։ Ամեն դեպքում նրա խոսքը հստակ հասցեական դառնալու կարիք ունի։ Թող անուններ տա, հասկանանք։ Սա այն հարցը չէ, որ խոսքն ասվի ու անցնենք գնանք։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը