«Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» գիտագործնական համաժողովի կազմակերպիչները կոչ են անում բոլորին միասնական ճակատ ձևավորել Արցախի միջազգային ճանաչման օրակարգի շուրջ»,- հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ներկայացնելով համաժողովի հայտարարությունը։
«Մենք վճռական ենք բոլոր միջոցներով ՀՀ իշխանություններին հետ պահել Արցախի հարցում կործանարար քաղաքականությունից։ Պահանջում ենք իշխանություններին զերծ մնալ Արցախը որևէ կերպ Ադրբեջանի կազմում ճանաչելու ցանկացած փաստաթուղթ ստորագրելուց․․․ Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, ավելին` Արցախի Հանրապետությունը կայացած պետություն է։ Միջազգային հանրությունը երբեք իրավաքաղաքական դիրքորոշում չի հայտնել այն մասին, թե Արցախը պետք է ներառել Ադրբեջանի կազմում։ Իսկ 2007-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկել են, և 2009-ին Հայաստանի ու Ադրբեջանի կողմից որպես բանակցության հիմք են ընդունվել մադրիդյան սկզբունքները։ Դրանցով, տարածքային ամբողջականության հետ միասին, որպես բանակցային հիմք հաստատվել է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը»,-նշված է ընդունված հայտարարությունում։
«Արցախի հարցը հայության գոյութենական խնդիրներից դուրս դիտարկելն անթույլատրելի է․․․Արցախի ճանաչման քաղաքական, դիվանագիտական մեխանիզմներն ու հնարավորությունները սպառված չեն։ Սնանկ են իշխանական քարոզչամեքենայի կողմից տարածվող այն պնդումները, թե իբր անկախությունից ի վեր 1991-ի դեկտեմբերի 21-ի Ալմա Աթայի հռչակագրով ՀՀ–ն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` Արցախը ներառելով դրա կազմում։ Նույնկերպ կեղծ ու անհիմն են այն պնդումները, թե միջազգային հանրությունն Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում»,-նշվում է հայտարարության մեջ։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը