24 02 2023

Խաչատուր Սուքիասյանին մանդատից զրկելու հարց կարող է բարձրացվել.168․am



Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուսումնասիրում է մամուլի այն հրապարակումները, որոնք վերաբերում են այս կամ այն պաշտոնյայի ընտանիքին պատկանող բիզնեսների և պետական համակարգի միջև կնքված տարբեր պայմանագրերին՝ պարզելու, թե որքանով է պաշտոնյայի գործունեությունն ազդել տվյալ պայմանագրի կնքման գործընթացի վրա. այդ գործընթացը տեղի է ունեցել կոնկրետ պաշտոնյայի անձով պայմանավորվա՞ծ, թե՞ առկա են այլ գործոններ:

168 TV-ի եթերում, անդրադառնալով կոռուպցիայի դեմ տարվող պայքարին ու պաշտոնյաների ընտանիքներին պատկանող բիզնեսների հետ պետական համակարգի սերտ համագործակցությանը, նման տեսակետ հայտնեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը՝ մասնավորեցնելով.

«Ազգային ժողովի պատգամավորների մասնակցությամբ բիզնես գործունեությունը փորձնական ուսումնասիրության առարկա ենք դարձրել։ Արդեն ունենք հարուցված վարույթներ, որոնցից մեկը, ի դեպ, վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի գործունեությանը։ Մեկ դրվագով արդեն հանգել ենք եզրահանգման, մյուս դրվագներով ուսումնասիրությունը շարունակվում է: Եթե եզրակացությամբ արձանագրվեց, որ, այո, կա խախտում, ապա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դիմելու է Ազգային ժողով, բարձրացնելու է Խաչատուր Սուքիասյանի պաշտոնավարումը դադարեցնելու հարցը՝ ընդ որում, դիմելու ենք ոչ միայն Ազգային ժողով, այլ նաև Սահմանադրական դատարան»,- ասաց Հայկուհի Հարությունյանը՝ ընդգծելով, որ ուսումնասիրվում են նաև այլ պաշտոնյաների հետ կապված հրապարակումները, և եթե հանձնաժողովի վերջնական եզրակացությամբ հաստատվի պետական այլ պաշտոնյաների բիզնես գործունեության անհամատեղելիությունը, ապա այլ պաշտոնյաների լիազորությունների դադարեցման հարցով ևս կդիմեն համապատասխան մարմիններին։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ