20 02 2023

Անցած 35 տարիները հստակ ցույց տվեցին, որ համազգային խնդիրների լուծման կարևորագույն պայմանը համաժողովրդական միասնությունն է․ Արցախի ԱԳՆ

Անցած 35 տարիները հստակ ցույց տվեցին, որ համազգային խնդիրների լուծման կարևորագույն պայմանը համաժողովրդական միասնությունն է․ Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետությունն (Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը) այսօր նշում է արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման արդի փուլի 35-ամյակը. պայքար, որն իր մեջ մարմնավորել է ժողովրդի հավաքական ձգտումը՝ վերականգնելու պատմական արդարությունը, պահպանելու ազգային ինքնությունն ու արժանապատվությունը, լիարժեք կերպով իրացնելու հայրենիքում ազատ ապրելու և զարգանալու իր անքակտելի իրավունքը: Ի պատասխան Ադրբեջանի կողմից տասնամյակներ շարունակ վարվող խտրական քաղաքականության՝ Արցախի ժողովուրդը հավաքեց իր ողջ կամքն ու միավորվեց՝ հանուն Արցախի վերածննդի և Հայաստանի հետ վերամիավորման գաղափարի: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Արտաքին գործերի նախարարությունը։

35 տարի առաջ՝ 1988 թվականի փետրվարի 20-ին, տեղի ունեցավ ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նստաշրջանը, որում որոշում կայացվեց միջնորդություն ներկայացնել Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին՝ ինքնավար մարզն Ադրբեջանի կազմից Հայաստանի կազմ տեղափոխելու վերաբերյալ։ Լեռնային Ղարաբաղի՝ Հայաստանին միանալու հարցը բարձրացվել է ժողովրդավարական, խորհրդարանական եղանակով, ժողովրդի կամարտահայտման հիման վրա, ԽՍՀՄ այն ժամանակ գործող օրենսդրության և միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված նորմերի հետ խիստ համապատասխանությամբ:
Նստաշրջանի որոշումը, որը վերահաստատեց Արցախի ժողովրդի՝ սեփական ճակատագիրը որոշելու իրավունքը, նշանավորեց ղարաբաղյան շարժման արդի փուլը և կանխորոշեց Լեռնային Ղարաբաղի հասարակական-քաղաքական զարգացման հեռանկարները։ Այն, ըստ էության, դարձավ ԽՍՀՄ փլուզմամբ պայմանավորված պատմաքաղաքական նոր իրողություններում 1991 թ. սեպտեմբերի 2-ին ընդունված ԼՂՀ անկախության հռչակագրի նախակարապետը և սկզբնավորեց Արցախի պետական անկախության ուղին:
Արցախցիների համաժողովրդական կամարտահայտության այդ ակտն արդարացիորեն դիտարկվեց որպես հուսալի երաշխիք՝ փրկվելու Ադրբեջանի կողմից էթնիկ հայ բնակչության նկատմամբ տասնամյակներ շարունակ իրականացվող խտրական քաղաքականությունից, որն, ի վերջո, պետք է հանգեցներ նրա լիակատար ոչնչացմանը։ Հետագա իրադարձությունները հաստատեցին արցախցիների պատմական ընտրության օրինաչափությունն ու ճշմարտացիությունը։ Մարզային խորհրդի նստաշրջանից ընդամենը մեկ շաբաթ անց Ադրբեջանի իշխանությունները կազմակերպեցին հայերի դաժան ջարդեր և սպանություններ Սումգայիթում և Ադրբեջանի այլ քաղաքներում, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո լայնածավալ պատերազմ սանձազերծեցին Արցախի դեմ: Նույնիսկ տասնամյակներ անց Արցախի ժողովրդի ոչնչացմանն ուղղված պաշտոնական Բաքվի հանցավոր քաղաքականությունը չի փոխվել։ Դրա մասին են վկայում 2016 և 2020 թվականների ռազմական ագրեսիաները, Արցախի ժողովրդի դեմ շարունակվող պետական ահաբեկչությունը, հանրապետության՝ արդեն գրեթե երեք ամիս շարունակվող տրանսպորտային և էներգետիկ շրջափակումը:
Չնայած անհավանական դժվարություններին և փորձություններին՝ Արցախի ժողովուրդը շարունակում է իր պայքարը հանուն պատմական հայրենիքում իր ազատ և անկախ գոյության՝ այդպիսով իրացնելով միջազգային իրավունքով, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ժողովուրդների ինքնորշման իրավունքը։ Անցած 35 տարիները հստակ ցույց տվեցին, որ համազգային խնդիրների լուծման կարևորագույն պայմանը համաժողովրդական միասնությունն է, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բարոյական ու հոգևոր ուժերի համախմբումը, ինչը հնարավորություն է տալիս դիմակայել ժամանակի լրջագույն մարտահրավերներին:
Ազգային արժանապատվության և պատմական հայրենիքում սեփական ճակատագիրն ազատ տնօրինելու իրավունքի համար մղվող բազմամյա պայքարով, ինչպես նաև ժողովրդավարական և կենսունակ պետության ստեղծմամբ Արցախի ժողովուրդն ապացուցեց, որ արժանի է միջազգային հանրության կողմից իր անկախության ճանաչմանը:
Այս հիշարժան օրը մենք խոնարհվում ենք բոլոր նրանց հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն Արցախի ազատության և անկախության, հանուն համամարդկային իդեալների և արժեքների:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ