20 02 2023

Բուֆե՞ր, պլացդա՞րմ, թե՞ հայկական պետություն. Քրիստինե Վարդանյան

Բուֆե՞ր, պլացդա՞րմ, թե՞ հայկական պետություն. Քրիստինե Վարդանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Բուֆե՞ր, պլացդա՞րմ, թե՞ հայկական պետություն

Հայաստանը ռեսուրս չունի ո´չ բուֆեր լինելու, ո´չ էլ կարող է իրեն թույլ տալ մինչև վերջին հայը պայքարել որևէ ուժային կենտրոնի շահերի համար:

Սահմանափակ ռեսուրսները մի կողմից բարդացնում են ամեն ինչ, մյուս կողմից ստիպում են հստակեցնել առաջնահերթությունները: Իսկ ռեսուրսների կրիտիկական սահմանափակությունը, ինչպես մեր դեպքում է, ընդհանրապես ստիպում է ընտրել մեկ գերնպատակ և պայքարել հանուն դրա:

Այդ գերնպատակը հայ ժողովրդի դեպքում չի կարող լինել ֆրանսիայի համար բուֆեր հանդիսանալը, կամ Կանադայի համար ռուսաստանի դեմ պայքարի պլացդարմ դառնալը, ինչպես հայտարարեց Կանադայի ԱԳՆ նախարարն անցած տարի:

Մեր կարևորագույն առաջադրանքը հայ ժողովրդի հարատևության ապահովումն է: Այս ճանապարհին հայկական պետության գոյությունը, որը կարողանում է ապահովել սեփական ժողովրդի անվտանգությունը՝ նախապայման է:

Մենք սեփական պատմությամբ ենք համոզվել, որ այլ տարբերակները հանգեցնում են մարդկության դեմ հանցագործությունների:

Հայաստանը կարող է գործընկերներին, դաշնակիցներին, բոլոր շահագրգիռ կողմերին օգնել տարածաշրտանում կայունության և կանխատեսելիության ապահովման գործում, բայց չի կարող բութ գործիք դառնալ նրանց շահերի սպասարկման համար:

Տարածաշրջանում կայնունության համար, տարածաշրջանն ապակայունացնող պետությունների դեմ պայքարում Հայաստանը մենակ չէ:

Աշխարհում կան պետություններ, ովքեր հասկանալով հետզհետե անկառավարելի դարձող Թուրքիայի վտանգը, պատրաստ են շահագրգիռ համագործակցության այս հարցում:

Մեր հնարավորությունները հենց այս դաշտում են: Մենք չենք կարող իրական օգնության և թվիթի կամ հայտարարության փոխարեն ընտրել թվիթը, հետո բողոքել չար և անարդար աշխարհից:

Ընտրված տարբերակներից յուրաքանչյուրն ունի գին: Սակայն միայն հանուն հայկական պետության գոյատևման համար վճարված գինն է, որ ունի արդարացում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ