07 02 2023

Առողջության համապարփակ ապահովագրության ներդրումը ռիսկեր է պարունակում. «Ամերիկայի առևտրի պալատը ՀՀ-ում» ՀԿ

Առողջության համապարփակ ապահովագրության ներդրումը ռիսկեր է պարունակում. «Ամերիկայի առևտրի պալատը ՀՀ-ում» ՀԿ

ՀՀ առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

Ս․թ․ փետրվարի 2-ին ՀՀ կառավարության նիստում հաստատված «Առողջության համապարփակ ապահովագրության (ԱՀԱ) ներդրման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումը (հետագայում՝ Հայեցակարգ) պարունակում է մեծածավալ տեսական տեղեկություններ, որոնք լիարժեք չեն հիմնավորում դիտարկվող խնդիրների մեծ մասը, չնայած 2022 թվականին թեմայի շուրջ կայացած բազմաթիվ քննարկումների և գործարար համայնքի կողմից ներկայացված կոնցեպտուալ առաջարկների։ Վերոնշյալ փաստաթղթի վերաբերյալ մասնակից գործարար միությունների կարծիքը հետևյալն է․ ՀՀ առողջապահության համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված բարեփոխումներից հետո միայն հնարավոր կլինի արդյունավետորեն ներդնել առողջության համապարփակ ապահովագրություն և ապահովել հասարակության բոլոր անդամների իրավունքների ու պարտականությունների ներդաշնակ իրականացումը:

Չնայած ՀՀ կառավարության կողմից հայտարարված հարկային բեռի օպտիմիզացման քաղաքականության՝ փաստացի տեղի է ունենում հարկային բեռի ավելացում քաղաքացիների և բիզնեսի վրա։ Ինչը գործարարների շրջանում ավելացնում է անորոշությունը և անկանխատեսելիությունը: Ըստ էության նոր հարկատեսակի ներդրումը ռիսկեր է պարունակում նաև ստվերային տնտեսության ավելացման մասով՝ իր բոլոր բացասական հետևանքներով։ Հայեցակարգի «Առողջության համապարփակ ապահովագրություն» անվանումը չի համապատասխանում էությանը, քանի որ ներկայացված հայեցակարգում իրականում սոցիալական ապահովության համակարգ է նկարագրված: Իսկ ՀՀ օրենսդրության համաձայն, ապահովագրական գործունեությունը ենթական է լիցենզավորման, ինչպես նաև համապատասխան վերահսկման՝ ՀՀ ԿԲ կողմից։

ԱՀԱ միջոցների հավաքագրումը, վճարների չափերի սահմանումն ու ծախսումն իրականացվելու է մեկ մարմնի՝ Հիմնադրամի կողմից, որի կառավարման խորհրդի նախագահն ի պաշտոնե ՀՀ առողջապահության նախարարն է։ Այսինքն, փաստացի առողջապահության նախարարի ձեռքում են կենտրոնանալու քաղաքականությունը և բոլոր գործառույթների իրականացումը։ Դա էլ ավելի է խորացնում կոռուպցիոն ռիսկերը, հատկապես հաշվի առնելով շահերի բախումը։ Անգամ Հիմնադրամի գործունեության մասին հաշվետվությունների ձևերը սահմանվելու են նույն կառավարման խորհրդի կողմից։ Հիմնադրամի բյուջեն դուրս է մնում ՀՀ ֆինանսների նախարարության հսկողությունից, քանի որ առաջարկվում է ՀՀ պետական բյուջեում արտացոլել միայն հիմնական ֆինանսական ցուցանիշները (պլանավորված եկամուտներն ու ծախսերը, նախատեսվող դեֆիցիտը/ավելցուկը, վարչական ծախսերի տեսակարար կշիռը և այլն): Հիմնադրամի գործունեությունը դուրս է մնում նաև լիարժեք վերահսկողությունից, քանի որ Հաշվեքննիչ պալատը իրականացնելու է ընդամենը բյուջեի կատարողականի գնահատում, իսկ միջազգային հեղինակավոր աուդիտորական կազմակերպությունը՝ ֆինանսական աուդիտ:

Այսինքն, չի գնահատվելու ծախսվող միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործումը։ Հայեցակարգով փաստացի անտեսվում է ապահովագրվող անձի ընտրության իրավունքը՝ լիցենզավորված բուժհաստատություն ընտրելու հնարավորությունը, առանց վերջիններիս վրա կիրառվող սահմանափակումների։ Ինստիտուցիոնալ առումով առաջարկվում է կիրառել ԱՊՊԱ համակարգի մոդելը, ինչը պետական-մասնավոր արդյունավետ համագործակցության կայացած օրինակ է։

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ