06 02 2023

Արցախի ԱԺ բոլոր խմբակցությունները խստորեն դատապարտում են Գուրգեն Արսենյանի վարքագիծը

Արցախի ԱԺ բոլոր խմբակցությունները խստորեն դատապարտում են Գուրգեն Արսենյանի վարքագիծը

Արցախի Հանրապետության խմբակցություններևը հանդես են եկել հայտարարությամբ․ «Վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության պաշտոնական խոսույթում, մասնավորապես՝ Ազգային ժողովի որոշ պատգամավորների ելույթներում հաճախ են հնչում հայտարարություններ, որոնք կասկածի տակ են դնում Արցախյան ազգային – ազատագրական պայքարի նշանակությունը և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, պառակտում մտցնում ազգի ներսում:

Նմանատիպ հայտարարությամբ վերջերս հանդես է եկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները, խստորեն դատապարտելով նման վտանգավոր վարքագիծը, համոզմունք են հայտնում, որ այդօրինակ արտահայտությունները ոչ միայն չեն բխում հայ ժողովրդի շահերից, այլև ջուր են լցնում թուրք- ադրբեջանական տանդեմի ջրաղացին:

Ակնկալում ենք ՀՀ Ազգային ժողովում ներկայացված խմբակցությունների պաշտոնական արձագանքը:

Հետագայում նման անպատասխանատու հայտարարությունները բացառելու նպատակով՝ կոչ ենք անում հարցը քննարկել էթիկայի հանձնաժողովում:

Համոզված ենք, որ հայկական երկու հանրապետությունների առջև ծառացած մարտահրավերներին կարող ենք դիմակայել միայն Հայաստան- Արցախ- Սփյուռք եռամիասնությամբ:

«Ազատ Հայրենիք – ՔՄԴ» խմբակցություն

«Միասնական հայրենիք» խմբակցություն

«Արդարություն» խմբակցություն

«Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցություն

«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն»։

Նշենք, որ ԱԺ–ում Լաչինի թեմայով լսումների ժամին իշխանական Գուրգեն Արսենյանն ասել էր, որ պետք է մտածել 3 մլն հայի մասին․ «Անընդհատ՝ 120 հազար Ղարաբաղի բնակիչ, 3 մլն էլ Հայաստանի բնակիչ, ո՞վ եք, արա, դուք, առաջնահերթությունները ճիշտ դրեք»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ