01 02 2023

Խնդիրը չի կարող լուծվել սեփական բնօրրանում 120 հազար մարդու բնաջնջմամբ. Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը

Խնդիրը չի կարող լուծվել սեփական բնօրրանում 120 հազար մարդու բնաջնջմամբ. Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը

Կանադական հեղինակավոր The Hill Times պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառների և  դրա հետևանքով Արցախում ստեղծված  իրավիճակի մասին։ Այս մասին հայտնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմից։

«Ներկայացնելով շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված անմարդկային պայմանները, պարբերականը գրում է, որ  հունվարի 25-ին Կանադայի Համայնքների պալատի արտաքին հարաբերությունների և միջազգային զարգացման մշտական հանձնաժողովը Լաչինի միջանցքի շրջափակման թեման դիտարկելու համար երկու նիստ է գումարել, որի շրջանակներում Վինձորի համալսարանի պրոֆեսոր Քրիստոֆեր Վաթերսը դեպի Արցախ մարդասիրական օգնության արգելափակումը բնութագրել է որպես «դե ֆակտո էթնիկ զտումներ»:  Հոդվածում մեջբերվում են  նաև հանձնաժողովի անդամներ Հիզեր Մաքֆերսոնի և Ժան-Պիեռ Գոդբաուի խոսքերը, ովքեր նշում են, որ Կանադան պետք է օգտագործի ՄԱԿ-ում իր դիվանագիտական խողովակները Լաչինի միջանցքը բացելու նպատակով Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար:

Պարբերականի հետ զրույցում Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը նույնպես  կոչ է արել Կանադային և միջազգային հանրությանը ճնշում գործադրել Ադրբեջանի վրա և պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի կառավարության նկատմամբ Լաչինի միջանցքը բացելու համար: Ռուբեն  Վարդանյանը կոչ է արել «հումանիտար օդային միջանցք» ապահովել դեպի Արցախ մատակարարումներ իրականացնելու համար:

Արցախի պետնախարարը վիճարկել է Լաչինի միջանցքով երթևեկության մասին Ադրբեջանի ներկայացրած տվյալները՝ նշելով, որ դեկտեմբերի 12-ից ի վեր ընդամենը մի քանի հարյուր բեռնատար է անցել Լաչինի միջանցքով, որոնք պատկանել են ռուս խաղաղապահներին և Կարմիր խաչի միջագային կոմիտեին: «Համեմատության համար նշեմ, որ շրջափակումից առաջ օրական 800-ից 1000 բեռնատար է  մտել Արցախ», - ասել է Վարդանյանը՝ ընդգծելով, որ շրջափակման հետևանքով դադարեցվել են դեղորայքի, սննդի, վառելիքի և էլեկտրաէներգիայի կանոնավոր մատակարարումները:

«Մեր ողջ տնտեսությունը կանգնած է, որովհետև մենք չենք կարողանում արտադրության համար որևէ ռեսուրս ներկրել կամ այստեղ արտադրվող որևէ ապրանք արտահանել», - նշել է Ռուբեն Վարդանյանը՝ հավելելով, որ սահմանափակ վառելիքի և էլեկտրաէներգիայի պայմաններում դպրոցները ևս ստիպված են եղել դադարեցնել իրենց աշխատանքը: «Անընդունելի է ձմռանը 30 000 երեխաների ստիպել ապրել առանց սննդի, առանց կրթության կամ առանց գազի և էլեկտրաէներգիայի: Ադրբեջանը պետք է ընդունի, որ պետք է երկխոսություն լինի, սա չի կարող լուծվել ռազմական ճանապարհով կամ սեփական բնօրրանում 120 000 մարդու էթնիկ զտումների ենթարկելով» - ամփոփել է պետնախարարը»,- ասվում է հաղորդագրությունում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ