Հայաստանին չի բավարարում Իսլամական համագործակցության կազմակերպության և Թյուրքական պետությունների կազմակերպության ԽՎ-ի հետ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի համագործակցության մասին ձևակերպումը։ Այս մասին Մոսկվայում` ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայում, ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների կոմիտեների (հանձնաժողովների) նախագահների երկրորդ խորհրդակցության ժամանակ ասել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ, ՀԱՊԿ ԽՎ քաղաքական և միջազգային համագործակցության հանձնաժողովի նախագահ Հակոբ Արշակյանը։
ԱԺ-ից հայտնում են, որ Հակոբ Արշակյանն իր նկատառումներն է ներկայացրել Իսլամական համագործակցության կազմակերպության, թյուրքական պետությունների ԽՎ-ի հետ ՀԱՊԿ ԽՎ-ի հարաբերությունների պաշտոնական ձեւակերպման վերաբերյալ:
«Այդ ձեւակերպումն ընթացիկ փուլում հայկական կողմի համար ընդունելի չէ, քանի որ այդ կառույցների աշխատանքային մարմինների կողմից իրագործվում են հայատյաց քայլեր, հստակ գնահատականներ են հնչեցվում հօգուտ Ադերբեջանի, այդ թվում՝ Հայաստանի դեմ զինված հարձակման հարցում»,- ասել է ԱԺ փոխնախագահը:
Նշենք, որ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերով եւ միջազգային համագործակցության հանձնաժողովի նախագահ, հայկական պատվիրակության ղեկավար Հակոբ Արշակյանը, ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը եւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը Մոսկվայում` Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայում, մասնակցել են ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների կոմիտեների (հանձնաժողովների) նախագահների երկրորդ խորհրդակցությանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը