Արցախի քաղաքական-հասարակական դիսկուրսում չեմ հանդիպել լուրջ քաղաքական ուժերի, գործիչների, ովքեր կհայտարարեն, թե կողմ են ապրելու Ադրբեջանի կազմում կամ ընդհանուր համակեցության պայմաններում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Նա նաեւ նշել է. «Կրկնում եմ` հանրային խոսքում, թեպետ կան մարգինալ խմբեր, ովքեր տարբեր փաթեթավորմամբ պաշտպանելով ՀՀ իշխանությունների քաղաքական գիծը, ըստ էության, կրում են Արցախի հանձնման գիծը:
Ինչևէ, Արցախում հիմնական քննարկումը նրա շուրջ է, թե պայքարն ինչ մարտավարությամբ է տարվելու:
Կա 2 հիմնական տեսակետ:
Առաջին, Ադրբեջանի հետ պետք է մտնել ուղիղ շփումների, բանակցությունների դաշտ` առանց միջնորդների: Այս մոտեցումը նաև ՀՀ իշխանություններն են առաջ մղում:
Արցախում այս տարբերակն առաջ տանողներն ասում են, որ վերջին 2 տարիները ցույց են տվել, որ կարելի է Ադրբեջանի հետ ուղիղ խոսել ու արդյունք ապահովել և դա է իրենց համոզմունքը:
Երկրորդ տարբերակ, Ադրբեջանի հետ պետք է խոսել, բանակցել, սակայն միջնորդական հարթակի կամ միջնորդների մասնակցությամբ:
Այս մոտեցման կրողները կարծում են, որ Ադրբեջանը խրախուսելու է, նույնիսկ «զիջումներ» է անելու միայն թե համոզի, որ ճիշտը միջնորդների խաղից դուրս գալն է և իրենց հետ միայնակ բանակցելը, սակայն միջնորդներին խաղից հանելուց և Արցախի դեմ մեն-մենակ մնալուց հետո ագրեսիվ քաղաքականություն է վարելու արցախցիների հետ:
Ադրբեջանը բնականաբար փորձում է հասնել քննարկումների առանց միջնորդ տարբերակին, որին կողմ է նաև ՀՀ իշխանությունը:
Ադրբեջանն ակնհայտորեն Արցախը մղում է դեպի ծուղակ` փորձելով նրանց ձեռքերով նախ խաղից հանել ռուսներին, որոնք շատ հարցերով զսպաշապիկ են ադրբեջանցիների համար, ապա միայնակ մնալով Ադրբեջանի հետ պարզապես կլանել Արցախ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը